20/04/2015 13:43
Փոխոստիկանապետ. SOAD համերգի մուտքը կարգելվի, երբ հրապարակը բավականաչափ լցվի
System of a down աշխարհահռչակ ռոք խմբի «Wake up souls» համերգաշարը, որն ուղղված է Ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, մեկնարկել է ապրիլի 6-ին Լոս Անջելեսում և իր վերջակետին կհասնի ապրիլի 23-ին Երևանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց System of a down խմբի ներկայցուցիչ Արմեն Կուպելյանը` նշելով, որ խմբի համերգներն արդեն գրավել են աշխարհի ուշադրոթյունը:
«Պետք է նշեմ, որ խմբի երևանյան համերգը տեղի է ունենում 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ: Արդեն նկատել եք, որ Հանրապետության հրապարակում տեղադրվել է գերժամանակակից բեմ` համապատասխան տեխնիկայով»,- ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը` նշելով, որ իրազեկման տեսանկյունից այս միջոցառումը չափազանց կարևոր է:
«Wake up souls համերգների շարքին արդեն անդրադարձել է այնպիսի հայտնի պարբերական ռոք աշխարհում, ինչպիսին The Rolling stones-ն է»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Ասուլիսն ներկա փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հորդորեց` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել SOAD-ի համերգին, պետք է հրապարակ գան բավականին շուտ.
«Մուտքը հրապարակ, ինչպես ասել էինք, կլինի միայն Շահումյան հրապարակից` նախնական մի շարք զննումներից հետո: Այն պահից, երբ ոստիկանները կհասկանան, որ հրապարակը բավականաչափ լցված է, մուտքը համերգին կարգելվի»,- ասաց փոխոստիկանապետը: