20/04/2015 18:53
Ղպտի եկեղեցու հովվապետը ՀՀ-ում է՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին
Այսօր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստան է ժամանել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Թևադրոս Բ-ը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Օդանավակայանում Ղպտի Եկեղեցու առաջնորդին դիմավորել են Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարի առջև, Թևադրոս Բ Պատրիարքին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Եղբայրական ողջագուրումից հետո երկու Եկեղեցիների հովվապետերը զանգերի ղողանջների ներքո թափորով առաջնորդնվել են Մայր Տաճար, ուր Իջման Ս. Սեղանի առջև կատարվել է գոհաբանական աղոթք:
Աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետը բարիգալստյան խոսքով ողջունել է Նորին Սրբություն Թևադրոս Բ-ին:
«Մենք մեծ մխիթարություն ենք ապրում, որ այս օրերին, երբ մեր ժողովրդի զավակները ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, մեր Քույր Եկեղեցու հոգևոր պետը Մեզ հետ է և մեր ժողովրդի կողքին»,- ասել է Նորին Սրբությունը:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծել է, որ առաջիկա օրերին տարբեր Եկեղեցիների հոգևոր պետեր և ներկայացուցիչներ միասնաբար պիտի դատապարտեն աշխարհում մարդկային կյանքի դեմ ուղղված ամեն տեսակի ոճրագործություն, ինչպես նաև աղոթեն աշխարհի խաղաղության և բարօրության համար:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է նաև, որ Երկնավոր Տերն արդյունավորի Եկեղեցիների աստվածադիր առաքելությունը` ավելիով նպաստելու ժողովուրդների միջև փոխհասկացողության և հանդուրժողականության ոգու զորացմանը: Վերջում Նորին Սրբությունը Թևադրոս Բ Պատրիարքին ցանկացել է Տիրոջ զորակցությունն իր դժվարին առաքելության մեջ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքից հետո ողջույնի ու երախտիքի խոսքով հանդես է եկել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թևադրոս Բ-ը: Նշելով, որ մշտապես հետաքրքրված է եղել Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի բազմադարյա պատմությամբ` Ղպտի Եկեղեցու առաջնորդն անդրադարձել է նաև երկու Եկեղեցիների միջև առկա բարեկամական սերտ գործակցությանը:
Խոսքի ավարտին Թևադրոս Բ-ը վստահություն է հայտնել, որ այս այցելությունը Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատքի վերանորոգման առիթ պիտի դառնա: