20/04/2015 12:07
Սերգեյ Մինասյան. Հայոց ցեղասպանության հարցը մտել է նոր փուլ
Հայոց ցեղասպանության հարցը մտել է նոր փուլ, և 100-րդ տարելիցի շրջանակում իրականացվող միջոցառումները կշարունակվեն նաև ողջ տարվա ընթացքում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Շարունակելով խոսքը՝ նա ընդգծեց, որ գործընթացը տրամաբանական նպատակին է հասել:
«Մեզ համար կարևոր է, որ այս կամ այն երկրներն ու կառավարությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, բայց 2015-ից հետո մեզ համար կարևոր կլինի միայն մեկ երկրի՝ Թուրքիայի ճանաչումը»,- ասաց նա:
Օրինակ բերելով՝ Ս. Մինասյանն ասաց, որ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը ցույց է տալիս՝ Ցեղասպանության խնդիրը վաղուց չի հանդիսանում հայերի ու թուրքերի խնդիր:
Ինչ վերաբերում է Թուրքիայի պատասխան-հայտարարություններին, ապա Ս. Մինասյանն ընդգծեց.
«Թուրքիայի հասարակությունը, քաղաքական շրջանակները հերթական անգամ, ռեակցիա տալով գործողություններին, ապացուցում են պատմական իրողությունը»: