20/04/2015 16:34
Դավութօղլու. Թուրքիան ճնշումների ներքո ոչինչ էլ չի պատրաստվում անել
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կրկին խոսել է «1915-ի դեպքերի» մասին և ընդգծել, որ Թուրքիայի տեսակետը չի փոխվել: Ինչպես տեղեկացնում է թուրքական Т24-ը, լրագրողի դիտարկմանը՝ նախորդ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-ին ցավակցել էր Օսմանյան կայսրության տարածքում զոհված հայերի ժառանգներին, Թուրքիան այս տարի փոխե՞լ է դիրքորոշումն ու այդ հարցում հետընթաց կա՞, թե՞ ոչ՝ Թուրքիայի վարչապետը պատասխանել է, որ ոչինչ էլ չի փոխվել։
Հարցին՝ հնարավոր է, որ այս տարի Թուրքիան հանդես գա մեկ այլ հայտարարությամբ, Դավութողլուն ոչինչ չի բացառել. «Հնարավոր է, սակայն, դա ոչ Եվրոպայի խորհրդարանի, ոչ էլ Հռոմի պապի ձևակերպումներով չի լինելու։ Թուրքիայի հայերի հետ խոսելու համար որևէ երրորդ կողմի կարիքը չունենք։ Նման հայտարարություններն իրականում, միջավայրը թունավորելով, կանխում են առաջընթացը»,-ասել է նա։
Դավութօղլուն շեշտել է, որ պաշտոնական Թուրքիան կասի այն, ինչին հավատում է, սակայն ճնշումների ներքո ոչինչ էլ չի պատրաստվում անել: Թուրք վարչապետն ընդգծել է նաև, որ Թուրքիայի կեցվածքը չի փոխվել։
«Մենք կկիսենք ցավը և պատրաստ ենք բոլորի հետ խոսել հավասարի պես, բայց ով էլ լինի թույլ չենք տա մեզ վերից նայել։ Ես 1.5 տարի առաջ Երևան ուղևորվելուց առաջ ասել էի, որ «դա կոտորած էր»։ Այդ ժամանակ դա ողջ աշխարհում լուր էր դարձել և բնական է շատ էր քննարկվել»,- հայտարարել է Դավութօղլուն։