20/04/2015 15:30
Ցեղասպանության մասին բարձրաձայնած երաժիշտ Դանիել Դեքերին սպառնում են Թուրքիայից և Ադրբեջանից
Պուերտոռիկացի-ամերիկացի երգիչ-երաժիշտ Դանիել Դեքերը ոչ միայն կարողանում է հայերեն խոսել, այլև հիանալի հայերեն երգեր գրել ու կատարել: Նրա կողմից գրված երգերից երկուսը՝ «Ադանան» և «Կանք ու կլինենք» երգերը նվիրված են Հայոց ցեղասպանությանը:
«Ադանա» երգում հեղինակը ներկայացրել է հայերի ցավն ու վիշտը, որը հանրությանն արդեն քաջ հայտնի է, իսկ «Կանք ու կլինենք» երգով հեղինակն ամբողջ աշխարհին կոչ է անում ճանաչել և ընդունել Հայոց ցեղասպանությունը: «Երբ գրեցի «Ադանա» երգը, փորձեցի ներկայացնել Հայոց ցեղասպանությունն իմ տեսանկյունից, իսկ երկրորդ երգը, երբ գրում էի, փորձեցի ներկայացնել այն, ինչ դեռ չեմ արել: «Ադանայում» փորձել եմ ամոքել հայոց վիշտը, իսկ այս երգում՝ ներկայացնել նրա պայքարող տեսակը, որը փորձում է պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց հեղինակը:
Նրա խոսքով՝ ցեղասպանություն կարող էր լինել բոլորի հետ, բոլոր ազգերի ու ժողովուրդների, ուստի այս երգը կոչ է նրանց, ովքեր դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հայերի ցեղասպանությունը տեղի է ունեցել, որովհետև նրանք եղել են քրիստոնյա, իսկ քրիստոնյաներն ունեն քուրեր ու եղբայրներ»,- հավելեց նա:
Ի դեպ՝ երգը գրելուց հետո հեղինակը հաճախակի է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ստանում սպառնալիքներով լի նամակներ, սակայն. «Եթե դրանք խելամիտ լինեին, ապա ես դրանց կպատասխանեի: Մի անգամ, սակայն, որոշեցի պատասխանել: Նրա հետ ես սկսեցի խոսել փաստերի լեզվով: Երևաց, որ նամակի հեղինակն անտեղյակ էր և կյանքում առաջին անգամ տեղեկացավ այնպիսի փաստերի մասին, որոնց մասին նա երբևք չէր լսել: Եվ գիտեք ինչ.... նա փոխվեց… Երգն ասում է ամեն ինչ: Ահա թե ինչու եմ ես գրում նման երգեր: Ուզում եմ, որպեսզի մարդիկ իմանան ճշմարտությունը: Եվ եթե դու գրում ես, պատմում, ապա դա հավերժ է»:
Ասուլիսին մասնակից երաժիշտ Արա Գևորգյանն էլ իր հերթին ասաց, որ «Կանք ու կլինենք» երգի տեսահոլովակն արդեն պատրաստ է, որի պրեմիերան կկայանա ապրիլի 24-ին:
Ի դեպ՝ երգը հնչելու է 15 լեզվով, այդ թվում՝ թուրքերենով: Նրա խոսքով՝ Դ. Դեքերի այս քայլն իր համար անակնկալ էր, որն անգնահատելի ու խիստ գովելի է: Ինչ վերաբերում է Դ. Դեքերի անվտանգությանն, ապա Արա Գևորգայնը նշեց, որ նա ցանկություն է հայտնել բնակվել Հայաստանում և շուտով նա ՀՀ քաղաքացի կդառնա:
«Մարդ, որը կապ չունի մեր ազգի և երկրի հետ և որը ցանկություն է հայտնել լինել ՀՀ քաղաքացի, պետք է նաև մեր կողմից պաշտպանված լինի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Դ. Դեքերի այս քայլը զայրացրել է Թուրքիային ու Ադրբեջանին:
«Չեմ ուզում որևէ մեկի աշխատանքը նսեմացնել, բայց սա շատ ավելի բարդ է: Սա խաղաղության երգ չէ, այլ կոչ, որն ասում է, որ ոճրագործները չեն ընդունում և շարունակում են պայքարել: Սա արդեն իսկ նշանակում է խնդիր Թուրքիայի հետ: Մենք պետք է և պարտավոր ենք լինել նրա կողքին»,- ասաց Ա. Գևորգյանը՝ հավելելով, որ Դեքերն իր երգերը կատարել է նաև Times Square հրապարակում՝ սենատորների առջև:
«Իսկ դա շատ բան է նշանակում: Դ. Դեքերն ապրիլի 24-ին պաշտոնապես կստանա ՀՀ քաղաքացիություն: Եվ ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ոչ միայն պետական այրերին, այլև նրանց, ովքեր աջակցել ու մեր կողքին են եղել այս ընթացքում, ովքեր ջանասիրաբար աշխատել են, որպեսզի «Կանք ու կլինենք» երգի տեսահոլովակի պրեմիերան կայանա ապրիլի 24-ին: Շնորհակալություն եմ հայտնում հատկապես մեր նկարահանող խմբին, որը մեծ դժվարությամբ նկարահնեց երգի տեսահոլովակը: Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ Սփյուռքի նախարարությանն՝ ի դեմս Հրանուշ Հակոբյանի, ինչպես նաև՝ Հանրային հեռուստաընկերությանն ու Ցեղասպանության ինստիտուտին»: