20/04/2015 19:07
ԼՂՀ ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի արտահերթ նիստը, որի ավարտին ԼՂՀ Ազգային ժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունից:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը`
- հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիան, շեշտելով ցեղասպանության հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը,
- ոգեկոչելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացրած ցեղասպանության զոհերին,
- կարևորելով ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը,
- երախտագիտություն հայտնելով այն պետությունների խորհրդարաններին, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ՝
կոչ է անում մյուս երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից 1894-1923 թվականներին Արևմտյան Հայաստանում իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործություն»: