20/04/2015 12:44
Քաղաքացին պնդում է, որ վաշխառուների զոհ է դարձել. Գործը Վճռաբեկում է
Քաղաքացի Նարինե Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2011 թ. վաշխառուների պատճառով կորցրել է իր երկհարկանի տունը:
Նրա խոսքով՝ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող իր որդուն՝ Դավիթ Պետրոսյանին, ներքաշել են տղայական վեճի մեջ, ապա գումար պահանջել, վերջինս էլ սկսել է տոկոսով գումար փնտրել:
Ն. Պետրոսյանը պատմեց, որ այդ փնտրտուքը նրան տարել է վաշխառուների մոտ, որոնք իրեն առաջարկել են գրավադրել տունը, ապա նոտարական գրասենյակում առաջարկել են առք ու վաճառքի գործարք կատարել՝ հիմնավորելով, թե գրավադրումը հնարավոր չէ:
Ն. Պետրոսյանի խոսքով՝ ինքը այդ ժամանակ գտնվել է Հունաստանում և իբրև այնտեղից է ուղարկել որդու անունով տունը նվիրատվություն անելու համաձայնությունը, քանի որ որդին այդ տանը անգամ գրանցում չի ունեցել, իսկ ինքը միայն որոշ ժամանակ անց գտել է կեղծ գործարքների մասին փաստաթղթերը: Ն. Պետրոսյանն ասաց, որ կեղծված են նաև այդ փաստաթղթղերի վրա առկա կնիքները:
Նա ասաց, որ տան գնորդների հետ որևէ համաձայնության չգալուց հետո ինքը դիմել է դատարան և առաջին ատյանի դատարանը հաստատել է, որ նվիրատվության, առք ու վաճառքի բոլոր փաստաթղթերը կեղծ են ու դատական որոշմամբ տունն իրեն էին վերադարձրել, սակայն Վերաքննիչ դատարանը իր որոշմամբ հաստատել էր, որ առանձնատան գնորդները բարեխիղճ են ու նախապես տեղյակ չեն եղել, որ կեղծ գործարքներ են տեղի ունեցել, գործը այժմ Վճռաբեկ դատարանում է: