20/04/2015 18:40
Դատախազությունը «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ–ի վերաբերյալ հրապարակումները ուղարկել է ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ–ի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական բաժնից:
«Հաշվի առնելով ՀՀ ԿԲ-ի տարածած նախազգուշացումն այն մասին, որ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ–ի կողմից մատուցվող ծառայությունները պարունակում են հնարավոր զեղծարարության տարրեր, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումները «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ–ի գործունեության վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ՀՀ ԿԲ-ի հայտարարությունում և ԶԼՄ-ների հրապարակումներում նշված հանգամանքները ստուգելու և նյութեր նախապատրաստելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնել էին.
ՀՀ կենտրոնական բանկում առկա և մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում հասարակական որոշ
վայրերում կարելի է հանդիպել «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ կողմից հրապարակված «միասին մարենք Ձեր վարկերը / Оказываем помощь населению в погашении кредитов» հայտարարությանը, որի համաձայն՝ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպություն) տրամադրում է օգնություն վարկերի մարման համար:
ՀՀ կենտրոնական բանկն ուսումնասիրել է Կազմակերպության կողմից տարածվող հայտարարությունը, այդ թվում՝ հաճախորդներին առաջարկվող պայմանագիրը, համաձայն որի՝ Կազմակերպությունը խոստանում է կատարել հաճախորդի ունեցած վարկային պարտավորությունները, իսկ հաճախորդը պարտավորվում է նշված ծառայության համար վճարել Կազմակերպությանը՝ հաճախորդի վարկային պարտավորության 20% – 30%-ի չափով: Այդ փաստաթղթերի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ Կազմակերպության կողմից առաջարկվող «ծառայությունները» պարունակում են զեղծարարության տարրեր, և դրանցից օգտվելը կարող է հանգեցնել
քաղաքացիների ֆինանսական միջոցների կորստի, անձնական տվյալների ոչ իրավաչափ փոխանցման, ինչպես նաև իրավունքները արդյունավետ պաշտպանելու բարդության:
Ելնելով սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է վերոնշյալ ռիսկերի մասին, ինչպես նաև հորդորում զերծ մնալ նմանատիպ գործարքներ կնքելուց և նշված Կազմակերպության հետ համագործակցելուց»: