20/04/2015 19:19
«Հայոց ցեղասպանության դասերը և Հայկական բանակը՝ որպես ցեղասպանության կանխարգելման երաշխավոր»
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ներկա է գտնվել Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում կազմակերպված բաց դաս-միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմանը և ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը:
ՊՆ-ից տեղեկացնում են, որ Մեծ եղեռնի համընդհանուր ճանաչման, դատապարտման ու արդարության վերականգման պահանջատիրության համատեքստում կարևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կրթօջախներում անցկացվող ճանաչողական դասերն ու ոգեկոչման միջոցառումները, պաշտպանության նախարարը դպրոցի ուսուցչական կազմին և աշակերտներին է ներկայացրել ընդհանուր տեղեկություններ, պատմաիրավական մի շարք փաստեր 1915թ. թուրքական իշխանությունների իրականացրած գազանությունների ու խոշտանգումների մասին:
«Հայոց ցեղասպանության դասերը և Հայկական բանակը՝ որպես ցեղասպանության կանխարգելման երաշխավոր» խորագիրը կրող բաց դասի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը ստիպված է եղել անցնել դժվարություններով, հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, սակայն այդ ամենից դուրս է եկել պատվով ու գլուխը բարձր: Եվ պատահական չէ, որ այսօր Հայաստան աշխարհն ունի անկախ պետականություն, տարածաշրջանում փոխգործունակ, մարտունուկ և մրցունակ բանակ, որն իրավամբ կարող է կանխարգելել այնպիսի դաժանություններն ու չարագործությունները, ինչպիսին Հայոց մեծ եղեռն էր:
Խոսելով ՀՀ զինված ուժերի կազմավորման փուլերի ու առանձնահատկությունների մասին՝ Ս.Օհանյանը հավաստիացրել է նաև, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր, հայ զինվորը ամուր կանգնած է սահմանին` պատրաստ կատարելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք և արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության: