20/04/2015 14:50
Վ. Էնֆիաջյանն առաջարկում է սպասել ևս մի քանի օր
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը կասկած չունի, որ վաղը ԱԺ-ն արտահերթ նիստում միաձայն կվքեարկի և կընդունի «Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարությանը: Այս մասին պատգամավորն ասաց այսօրվա ասուլիսում՝ նշելով, որ սա այն հայտարարությունն է, որն իր մեջ պարունակում է աշխարհի բոլոր խորհրդարաններին ուղղված կոչ՝ հեղինակել նման նախաձեռնություններ: Ի վերջո, շեշտեց Վ. Էնֆիաջյանը, ցեղասպանությունը համայն մարդկության ցավն է:
ԲՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ ինչպես և ամեն տարի, այս տարի ևս ապրիլի 24-ին ընդառաջ քննարկվող հարցին՝ կարտաբերի՞ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցեղասպանություն եզրույցը, թե ոչ.
«Առաջարկում եմ ևս մի քանի օր սպասել, և ոչ թե կանխատեսումներ անել»,-հայտարարեց նա՝ ավելացնելով, որ հայ ժողովուրդը դեռ Հռոմի Պապի մատուցած պատարագի և նրա խոսքի տպավորության տակ է, քանի որ այդ իրադարձությունն անասելի մեծ արձագանք ստացավ համայն աշխարհում ու դժվար է անգամ խոսել դրա կարևորության մասին:
Վերադառնալով Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողություններին՝ Վ. Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Երևանում ներկա գտնվելու հրավերներ ուղարկվել են աշխարհի ավելի քան 80 երկրների խորհրդարաններին և նրանցից 32-ն արդեն հայտնել են, որ ընդունում են հրավերը և Երևան կժամանեն:
Հիշեցնենք, ԱԺ արտահերթ նիստը կհրավիրվի վաղը՝ ապրիլի 21-ին: Օրակարգում միայն քվեարկություն է: