20/04/2015 13:53
Ապրիլի 24-ին նախագահի մակարդակով Հայաստանում կլինեն Ֆրանսիան, ՌԴ-ն, Կիպրոսն ու Սերբիան
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին կմասնակցի 60 պաշտոնական պատվիրակություն` ամբողջ աշխարհից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Լրագրողներից մեկը Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց` 60 պատվիրակություններից քանի՞սն են Հայաստան գալու բարձրագույն` նախագահի մակարդակով.
«Մենք երբեք առաջինը չենք հայտարարում այս կամ այն նախագահի այցի մասին: Պատեհ ժամանակ տվյալ պետությունն ինքն է հայտարարում այդ մասին: Ներկա պահին հայտարարվել է, որ բարձրագույն` նախագահի մակարդակով Հայաստան կգա 4 պետություն` Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Կիպրոսը և Սերբիան»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Լրագրողի ճշտող հարցին` արդյոք ԵՏՄ անդամ պետություններից որո՞նք ներկա կլինեն նախագահի մակարդակով, Վիգեն Սարգսյանը պատասխանեց.
«ԵՏՄ անդամ պետություններից բարձրագույն մակարդակով կներկայանա ՌԴ-ն: Ղազախստանում հայտնի է, որ այդ օրերին նախագահական ընտրություններ են, իսկ Բելառուսի պատվիրակության կազմն այս պահին չեմ կարող հստակ նշել»,- ասաց Վիգեն Սարգսյանը: