20/04/2015 20:28
Հայերը էլ Թուրքիա չեն գնա հանգստանալո՞ւ
Տուրիստական գործակալությունների համար սկսվում է գործունեության համար ամենաթեժ, բայց միևնույն ժամանակ նաև ամենաբարենպաստ ժամանակաշրջանը՝ ամառային արձակուրդները սարերի ետևում չեն, վաղ ամրագրման մասին հայերը արդեն քաջ տեղեկացված են, այնպես որ մնում է միայն պլանավորել ու վճարել այդ հաճույքի համար: Վերջին տարիներին հայերի սիրած ու նաև գնային առումով ամենանախընտրելի ուղղություններն են Եգիպտոսը, Դուբայն ու Թուրքիան… եթե առաջին երկուսի առումով որևէ դիսկոմֆորտ չի առաջանում, ապա Թուրքիայի հանգստավայրերի առումով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ այն բազմակի անգամ ավելանում է: Aysor.am-ը փորձեց ճշտել՝ հայերը այս տարի հրաժարվո՞ւմ են Թուրքիա մեկնելուց, չնայած դա էժան է և այլն, թե հետաքրքրությունն այնպիսին է, ինչպիսին եղել է, ասենք, մեկ տարի առաջ:
Պարզվեց՝ բավականին փոփոխություններ, այն էլ նկատելի, արձանագրվել են, ինչն ուղղակի ողջունելի է:
«For you travel» տուրիստական գործակալության տնօրեն Քրիստինե Առաքելյանի փոխանցմամբ՝ սովորաբար դիմելով տուրիստական գործակալությանը քաղաքացին ցանկանում է ծանոթանալ այն ուղղություններին (եթե հստակ չգիտի, թե ինչ է ուզում), որոնք համապատասխանում են իր ցանկությունների ու սեփական բյուջեի համադրմանը: Իսկ բյուջետային ուղղությունները, ինչպես գիտենք, մի քանիսն են, որոնց մեջ է նաև Թուրքիան, բայց.
«Մեր գործակալությունը աշխատում է խորհուրդ չտալ թուրքական հանգստավայրերը, այդ ուղղությամբ շատ քիչ ենք իրականում աշխատում: Բայց երբեմն լինում են դեպքեր, երբ քաղաքացին ինքն է հենց այդ ուղղությունն ուզում և այս իմաստով մենք, ինչպես ասում են, անզոր ենք՝ հաճախորդի ցանկությունը բիզնեսի օրենքն է: Մնացած ժամանակ առաջարկում ենք այլ հանսգտավայրեր, թեև չենք կարող չարձանագրել, որ թուրքական հանգստավայրերը «ծառայություն-բյուջե» համադրության տեսանկյունից լավագույններից են»,- ասաց Ք.Առաքելյանը:
Սակայն այս տարի անշուշտ պահանջարկի շույակում տարբերությունը իրեն զգացնել է տալիս և անցած տարվա համեմատ դա ակնհայտ է: Գործակալության տնօրենն ասաց, որ եթե անցած տարի արդեն այս ամիսներին վաղ ամրագրումով փաթեթներ դեպի Թուրքիա վաճառվել էին, ապա այս պահի դրությամբ գործակալությունում նույնիսկ հետաքրքրվողներ չեն եղել.
«Նույնիսկ չեն էլ հարցնում, իսկ Եգիպտոս ու Դուբայ վաղ ամրագրում արդեն բավականին արել ենք»,- ասաց նա:
Ավելին ՝ թուրքական կողմն էլ կարծես չի շտապում իր առաջարկներով հայկական կողմին «գայթակղել». Քրիստինե Առաքելյանը նշեց, որ եթե անցած տարի այս ժամանակահատվածում հայտնի էին ուղիղ չվերթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ գնային քաղաքականություն, օրերը և այլն, ապա հիմա նույնիսկ հայտնի չէ՝ ե՞րբ կլինեն ուղիղ չվերթները.
«Ես կարծում եմ, որ դա ուղղակիորեն կապված է 100-ամյա տարելիցի հետ և այն մտայնության, որ պահանջարկն այս տարի դեպի թուրքական հանգստավայրերի իսկապես կտրուկ նվազել է: Բայց թե ինչ կլինի ապրիլի 24-ից հետո՝ չեմ կարող կանխատեսել»,- ասաց Ք.Առաքելյանն ու հավելեց, որ մեկ բան հստակ է՝ նախորդ տարիների համեմատ այս տարի Թուրքիա Հայաստանից մեկնողների թիվը իսկապես շատ ցածր կլինի:
«Duet travel» տուրիստական գործակալության տնօրեն Գայանե Կարապետյանն էլ գրեթե նույնն ասաց՝ դեպի Թուրքիա հանգստանալու մեկնել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է, թեև իրենց գործակալության համար միշտ այդ ուղղությունը գտնվել է ամենավերջին տեղում՝ վաճառել են, եթե հստակ հաճախորդը հենց դա է ցանկացել.
«Այս տարի էլ առավել ևս չենք ուզում աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Նկատեց, որ թուրքական կողմն էլ կարծես չի շտապում և ուղիղ չվերթների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի չէ, այնպես որ անգամ եթե ցանկացողներ լինեն, պահանջարկ լինի դեպի Անթալիա կամ թուրքական այլ հանգստավայրեր, ապա իրենք ոչ մի տեղեկություն տրամադրել չեն էլ կարող.
«Ինչի համար անձամբ ես ուրախ եմ ու գուցե ես ընդհանրապես այդ ուղղությամբ փաթեթներ այս տարի չվաճառեմ»,- շեշտեց Գայանե Կարապետյանը:
Ու թեև թուրքական կողմի լռությունը մեր զրուցակիցը պայմանավորեց ապրիլքսանչորսյան արարողությունների հետ, այդուհանդերձ նա չբացառեց, որ դրանից հետո տուրիստական շուկան այդ ուղղությունների վերաբերյալ առաջարկներով ողողվի: Այլ հարց է՝ հայերը կնախընտրե՞ն այդ հանգիստը, թե ոչ.
«Կարծում եմ, որ նախորդ տարիների հետ համեմատած այս տարի այդ ուղղությունները իսկապես չեն աշխատի այն ծավալով, որին սովոր էին հենց թուրքերը»,- հավելեց նա:
Նշենք, սակայն, որ դժվար թե այս միտումը պահպանվի հաջորդ տարիների համար ևս, քանի որ երբեմն մարդու գրպանի կարողությունն իր համար ավելի կարևոր է լինում, քան հայրենասիրական գաղափարներն ու արյան կանչը…