20/04/2015 10:56
Tablet Mag. Հրեական կազմակերպությունները պետք է վերջ դնեն Հայոց ցեղասպանության ժխտողականությանը
«Հակա-դեֆամացիոն լիգա»-յի տարածաշրջանային գրասենյակի նախկին տնօրեն Էնդրյու Տարսին Tablet Mag-ում հրապարակած իր հոդվածում գրում է, որ «Սխալ է լռել ծայրահեղական չարիքին առերեվելիս: Գործելու ժամանակն է»:
Միացյալ Նահանգներում հրեական ազգային կազմակերպությունները տասնյամյակներ շարունակ վտանգավոր խաղ են խաղում՝ աջակցելով Հայոց ցեղասպանության ժխտողականությանը: Քանի որ մոտենում է հարյուրամյա տարելիցը, հնարավորություն է ընձեռնվում թերթելու Ամերիկայի հրեաների պատմության այս մռայլ էջը, գրում է Տարսին:
«Եվ սանդղակն ավելի բարձր է, քան պարզապես որոշակի բառի կիրառումը կամ կայքէջում հայտարարություն հրապարակելը: Հրեա առաջնորդները և կազմակերպութոյւնները պետք է ցուցադրեն, որ ճանաչում են դեռևս ցեղասպանության երկատարև ստվերի ներքո ապրող հայ ժողովրդի մարդասիրությունը»: Այդ ընտանիքներից խլել է իրենց դարավոր ժառանգությունը: «Նրանց վերքերն առավել խորանում են Թուրքիայի ժխտողականության և հավանական դաշնակիցների, այդ թվում՝ նաև մեր, հանցակցության պատճառով»:
Հեղինակը նշում է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում տարբեր հրեական ազգային առաջնորդներ կոչ են արել հայերին հարցը քննարկել Թուրքիայի Հանրապետության հետ: «Պատկերացրեք, եթե հրեաներին նույնն ասվեր Գերմանիայի առնչությամբ: Հրեական առաջնորդները հանդես են եկել հրապարակային հայտարարություններով՝ գիտակցաբար աջակցելով նրանց, ովքեր դիտավորյալ արժեզրկում են ճշմարտությունը, և մեր անունից հանդես գալով ցեղասպանության ճանաչման կոնգրեսական քայլերի դեմ: Ոմանք անգամ քայլեր են ձեռնարկել ցեղասպանության վերաբերյալ դասընթացներից և Հոլոքոստի հիշատակի միջոցառումներից հայկական պատմությունը բացառելու ուղղությամբ»:
Ներկայացնելով վերոնշյալ քայլերի պատճառները՝ հեղինակը նշում է. «Առաջին պատճառն այն է, որ Թուրքիան Իսրայելի կարևոր դաշնակիցն է, և հրեա ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ ճշմարտությունը ներկայացնելով զայրացնել նրան: Ավելին, Թուրքիան հանդուրժող է եղել իր սահմանների ներքո բնակվող հրեաների նկատմամբ, և մենք նրանց երախտապարտ պետք է լինենք: Միաժամանակ, մեզ նաև ասվել է, որ հրեաները ապահով չեն լինի Թուրքիայում, եթե Ամերիկայի հրեաները անկեղծորեն խոսեն Հայոց ցեղասպանության մասին:
Երկրորդ. մեզ ասում են, որ հայերը կարող են կիրառել «ցեղասպանություն» եզրույթը և իրենց տրված ցանկացած հարթակ՝ Հոլոքոստի հետ համեմատություն անելու և կապ գտնելու համար, որպեսզի առավել առաջ մղեն ճանաչման գործընթացը: Մենք չպետք է աջակցենք, որպեսզի Հոլոքոստը շահարկվի նմանօրինակ նպատակներով»:
Ութ տարի առաջ Բոսթոնի հրեական համայնքը տարբեր ընտրություն կատարեց՝ հրապարակայնորեն ընդունելով, որ 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսից սկսված իրադարձությունները ցեղասպանություն են: Բոսթոնի դեպքից հետո որոշ հրեական առաջատար ազգային կազմակերպություններ սկսեցին մեկը մյուսի հետևից կիրառել ցեղասպանությունը բառը: «Այնուամենայնիվ, մեր առաջնորդների՝ արգելքը /տաբուն/ կոտրելու հետևանքով կանխատեսված հակաուտոպիան իրականություն չդարձավ: Եվ Թուրքիայի հետ այդքան փայփայած հարաբերությունները պատկերացրածից առավել փխրուն էին, որոնք խզվեցին 2014թ. Ղազայի պատերազմի հետևանքով: Եթե Թուրքիայում բնակվող հրեաներն այժմ իրենց պակաս անվտանգ են զգում, քան մի քանի տարի առաջ, ապա դա բնավ այն պատճառով չէ, որ մեզանից ոմանք սկսել են «G» բառը կիրառել»:
Հեղինակը նաև ափսոսանք է հայտնում, որ դեռևս տեսալի չէ ամերիկահայերի հետ հրեաների ուղղակի համագործակցությունն այն վայրերում, որտեղ երկու համայնքներ բնակվում են և ներդրում ունենում բազմակարծության և ժողովրդավարության ամրապնդման գործում: «Ամերիկայի հրեական համայնքի համար առավել նպատակահարմար կլիներ հրաժարվել երկու բարոյական և ռազմավարապես սնանկ հրամայականներից:
Դրանցից մեկն այն է, որ Իսրայելի անվտանգությունից և հրեանիերի ապահովությունից բխող ցանկացած խոսք կարող է արդարացվել առանց համապարփակ և թափանցիկ ուսումնասիրության:
Երկրորդ հրամայականը, որից մենք պետք է ամբողջությամբ հրաժարվենք, այն է, որ Հոլոքոստը պետք է զերծ պահվի Հայոց ցեղասպանության նման աղետալի ոճրագործությունների հետ համեմատվելուց կամ հիշատակվելուց:
Հայոց ցեղապսանության հարյուրերորդ տարելիցը կոչ է անում Ամերիկայի հրեական համայնքին հանդես գալ նոր հանձնառությամբ՝ ճանաչել հայերի կողմից այդ աղետի վերապրումը: Հրեական կազմակերպությունները պետք է մեկ քայլ ևս կատարեն և աջակցեն հայերի ջանքերին փոխհատուցման և յուրացված սեփականության վերադարձման ուղղությամբ: Սա պետք է լինի նաև ամերիկահայերի հետ առավել խորը համագործակցություն հաստատելու պահը: Մեզ է վերապահված անկեղծորեն և համբերատար ձևով իրենց մոտենալու պատասխանատվությունը: Եվ մենք կարող են սկսել իրենց պատմությունը լսելուց»: