21/04/2015 16:37
Հակառակորդը դիվերսիայի փորձ է արել Արցախում. Մենք կորուստներ չունենք. Լուսանկարներ
Այս գիշեր ժամը 05:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ ուժերը ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը, անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ:
Շուրջ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, hատուկ դիպուկահար հրացանի («Վինտարեզի») 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և ճողոպրել իր ելման դիրքերը:
Ըստ հավաստի տեղեկությունների, ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ:
ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել: Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են: