21/04/2015 16:29
Բեռլինի գրական փառատոնը համաշխարհային ընթերցումներով կհիշեցնի Հայոց ցեղասպանության մասին
Բեռլինի միջազգային գրական փառատոնը պարբերաբար անցկացնում է համաշխարհային ընթերցանության ակցիաներ՝ այսպիսով փորձելով բարձրացնել այս կամ այն խնդիրը:
Այս տարվա ապրիլի 21-ից մեկնարկող ընթերցումները նպատակ ունեն հիշեցնել 100 տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին: Այս մասին գրում է Deutsche Welle-ն:
2014թ.-ին այս միջոցառման անցկացմանը կողմ է քվեարկել ավելի քան 350 գրող, նկարիչ և մշակույթի այլ ոլորտների ներկայացուցիչ: Նրանց թվում են գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Մարիո Վարգաս Լյոսան, Գերտա Մյուլլերը, Էլֆրիդա Ելինյոկը, Օրհան Փամուկը, Ջոն Կուտզեն և լուսահոգի Գյունտեր Գրասսեն:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է փառատոնի ղեկավար Ուլրիխ Շրայբերը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընթերցումներին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել տարբեր մայրցամաքների ավելի քան 100 կազմակերպություն: Ակցիայի ընթացքում կընթերցվեն Վարուժան Ոսկանյանի «Շշուկների գիրքը» վեպի երկու գլուխները:
Նշենք, որ նախորդ տարի համաշխարհային գրական ընթերցումներն անցկացվել են ի պաշտպանություն Էդվարդ Սնոուդենի: Ընթերցումներով անդրադարձ է կատարվել նաև Միխայիլ Խադարկովսկուն, Պլատոն Լեբեդևին, Pussy Riot-ին և Աննա Պոլիտկովսկային: