21/04/2015 17:46
Եվրոպայի Խորհրդի ժողովրդավարական դեմքն իրականում կեղծ է. Նաիրա Զոհրաբյանը մեղադրել է ԵԽԽՎ-ին
Այսօր ԵԽԽՎ-ում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, Հելսինկյան կոմիտեի, Մարդու Իրավունքների Միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպվել էր լսումներ «Ադրբեջանի քաղաքական բանտարկյալները» թեմայով:
«Նման լրջագույն լսումներին ԵԽ անդամ որևէ երկրի պատգամավոր, այդ թվում նաև՝ ադրբեջանական պատվիրակության որևէ պատգամավոր, ներկա չէր: Ժողովրդավարությունից խոսող եվրոպացիները չէին ցանկացել մասնակցել ադրբեջանական քաղբանտարկյալների մասով քննարկմանը: Լսումներին հրավիրված էր ադրբեջանցի քաղբանտարկյալներ Լեյլա և Արիֆ Յունուների դուստրը, ով պատմեց իր ծնողների հանդեպ Ադրբեջանում իրականացվող բռնությունների մասին: Ներկայացվեց նաև Ադրբեջանի մյուս քաղբանտարկյալների վիճակի մասին տեղեկատվություն»,- Aysor.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Մարդու իրավունքների Միջազգային Ֆեդերացիայի նախագահ Սուայր Բելհասենը հայտարարել է, որ անհրաժեշտ է ԵԽԽՎ-ում անել հնարավորը՝ ադրբեջանական պատվիրակության իրավասությունները դադարացնելու համար:
Ինչպես մեզ փոխանցեց Նաիրա Զոհրաբյանը, լսումներին խոսել է նաև «Խավիարային դիվանագիտություն» հայտնի վերլուծության հեղինակներից մեկը, ով նույնպես առաջարկել է ԵԽԽՎ-ում հավաքել անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը բարձրացնելու և քննարկելու համար:
Լսումներին խոսել է նաև Նաիրա Զոհրաբյանը և ասել.
«Հարգելի գործընկերներ, այսօր այստեղ քննարկվում է լրջագույն մի հարց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը, և նման կարևորագույն հարցի քննարկմանը ներկա չեն ոչ միայն ադրբեջանական պատվիրակության անդամները, այլև այս հարցը, պարզվեց, չի հետաքրքրում նաև եվրոպական որևէ երկրի ազգային պատվիրակության գեթ մեկ պատգամավորի: Մինչդեռ, նրանցից որևէ մեկը ոչ մի հարմար առիթ բաց չի թողնում խոսելու մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից: Ի՞նչ է սա նշանակում. Սա նշանակում է, որ սա է Եվրոպայի Խորհրդի իրական ժողովրդավարական դեմքը, որն իրականում կեղծ է: Ես այլևս ավելացնելու ոչինչ չունեմ»: