21/04/2015 16:45
Պալյան. Վրաստանի հայերի կացության խնդիրը գտնվում է լուծման փուլում
Վրաստանի միգրացիոն օրենսդրության խստացման հետևանքով երկքաղաքացիություն ունեցող վրացահայերի համար առաջացած կացության խնդիրները գտնվում են լուծման փուլում: Այսօր «Միգրացիոն օրենսդրության նոր պահանջները Վրաստանում և տեղական հայ համայնքի խնդիրները» խորագրով կայացած քննարկմանն այս մասին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարության հանրային ծառայությունների զարգացման գործակալության Ախալքալաքի բաժնի պետ Ռուբեն Պալյանը:
«Վրաստանի քաղաքացիությունից զրկված անձիք կարող են դիմել և ստանալ ժամանակավոր կամ մշտական կացության թույլտվություն»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ 2015 թվականի սկզբին Վրաստանը համապատասխանեցրել է երկրի միգրացիոն օրենքը ԵՄ-ի հետ ստորագրած Ասոցացման համաձայնագրին: Համաձայն նոր օրենսդրության` Վրաստանի այն հայերը, որոնք ունեն երկրորդ քաղաքացիություն, կարող են զրկվել Վրաստանի քաղաքացիությունից: Մինչդեռ երկքաղաքացիություն ունեցողների դեպքում, Հայաստանի ու Ռուսաստանի անձնագրերը թույլ էին տալիս աշխատանքային միգրանտներին մեկնել Ռուսաստան՝ առանց մուտքի արտոնագրի:
Նա նշել է, որ օրենսդրական խստացումներից հետո, ըստ վրացական պաշտոնական աղբյուրների, Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է մոտ 30 000 մարդ, ովքեր նախկինում ձեռք էին բերել Ռուսաստանի կամ Հայաստանի քաղաքացիություն:
Ըստ միգրացիոն օրենսդրության նոր պահանջների՝ նրանք ունեն արդեն օտարերկրյա քաղաքացիների կարգավիճակ և կարող են գտնվել Վրաստանում 90 օր անընդմեջ կես տարվա ընթացքում: Ժամկետը լրանալուց հետո նրանք պետք է լքեն երկիրը և վերադառնան երեք ամսից:
Ի դեպ՝ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ աշխատում են խնդիրը լուծելու ուղղությամբ` տեղափոխելով օրենքի ուժի մեջ մտնելու օրը 2015թ. հունվարի 1-ից՝ հուլիսի 1: Այնուամենայնիվ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ դեռևս ունեն Վրաստանում կացության հետ կապված խնդիրներ: