21/04/2015 15:11
Թուրքիան ճնշումների ներքո փորձում է ինչ-որ քայլեր անել, որոնք ադեկվատ չեն. Ալ. Արզումանյան
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ Թուրքիան ճնշումների ներքո փորձում է ինչ-որ քայլեր անել, որոնք իրականում ոչ ադեկվատ են ստացվում, ինչն էլ նպաստում է ավելի հակաթուրքական տրամադրությունների զարգացմանը:
Անդրադառնալով Ահմեդ Դավութօղլուի ուղերձին՝ պատգամավորը նշեց, որ Թուրքիայի վարչապետն այս պահին նման հայտարարություններով ընդամենն օգնում է հայկական կողմին ավելի ճշտելու իր մոտեցումները:
Ինչ վերաբերում է Ազգայի ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությանը, պատգամավորը համոզված է, որ այդ հայտարարությունը Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապ չունի:
«Սա մեր կոչն է մեր կոլեգաներին: Հայոց ցեղասպանության հարցը արտաքին քաղաքականության հիմքում նոր է դրվել: Արտաքին քաղաքականության հիմքում եղել են նույն մոտեցումները, ինչ անկախության հռչակման պահից: Կարծում եմ՝ շատ շուտով մենք ականատես կլինենք, թե ինչպես են կամ արտգործնախարարը, կամ Նախագահը մեկնաբանում այս գործընթացը, և մեր արտաքին քաղաքական դոկտրինի հետ դրա առնչվելը կամ չառնչվելը»,- հավելեց նա:
Ա. Արզումանյանն Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխարհի արձագանքը դրական է գնահատում:
«Աշխարհի անցուդարձն իր մղումներով է շարժվում, և մենք չենք կարող վատ գնահատել, իսկ նրանք, ովքեր հայտարարում են, թե հայերի գործոնը օգտագործում են սեփական շահերի համար, դա իրենց խնդիրն է»,- ասաց պատգամավորը: