21/04/2015 18:20
ԳԱԱ ուսանողները դեսպանատան մոտ պաստառներով պահանջում են անտարբեր չմնալ մարդկության դեմ վայրագություններին
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողությունը իր պահանջատիրության ձայնը բարձրացրեց և պահանջեց Հայոց Ցեղասպանության ճանաչում և ընդունում` այցելելով Մեծ Բրիտանիայի և հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն:
Ուսանողները դեսպանատան աշխատակցին հանձնեցին մագիստրանտների ստորագրությունները: Նրանք իրենց բողոքի ձայնը բարձրացրին տարբեր պահանջատիրական կոչերով և պաստառներով` ևս մեկ անգամ փաստելու, որ ոչինչ չի մոռացվում և նման գերտերությունը պարտավոր է անտարբեր չմնալ մարդկության դեմ կատարված նման վայրագություններից:
Շրջանավարտների հետ տարվող աշխատանքների համակարգող մասնագետ Ազնիվ Շահազիզյանի խոսքերով նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:
Առաջիկայում նրանք նախաձեռնում են կազմակերպել ցուցահանդես և գիտաժողով, որտեղ տարբեր բաժինների մագիստրանտները Հայոց Մեծ Եղեռնի 100 տարելիցին նվիրված հանդես կգան իրենց զեկույցներով և անհատական աշխատանքներով: