21/04/2015 12:15
Լևոն Զուրաբյանի «ապրիլքսանչորսյան» արկածները ԵԽԽՎ-ում
Երեկ մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդես է եկել ելույթով, որը, թերևս, տարակուսանք է առաջացնում, քանզի ողջ հայությունը հիմա հաստատ այլ բանի մասին չի մտածում, քան հնարավոր ու անհնար հարթակներում բարձրաձայնի Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին: Եվ ահա հայկական պատվիրակության անդամը, ում տրված է հոյակապ հնարավորություն այդ մասին խոսել այդ բարձր ամբիոնից, պահանջել ու դատապարտել, Վեհաժողովում խոսում է այնպիսի մի թեմայի մասին, որը ոչ ուշացող է, ոչ էլ հրատապ՝ ընտրությունների կեղծման, ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների և այլնի մասին: Ընդ որում՝ իր ելույթում ժամանակ հատկացնում նաև հարևան Ադրբեջանի ու Վրաստանի խնդիրներին, կարծես թե, այդքան շատ ժամանակ ունի, բայց ասելիք՝ ոչ:
ԵԽԽՎ երեկվա նիստում հայկական պատվիրակության անդամները՝ Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը և այլք իրենց ելույթները նվիրեցին Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացին, քանզի, ԱՅՈ, ապրիլի 24-ի նախօրեին գարնանային նստաշրջանի մեկնարկը արդեն իսկ կարևորագույն ուղեցույց է, որպեսզի որևէ այլ խնդիր, հարց ու օրակարգ չլինի ավելի կարևոր, քան հարյուրամյա պատմություն ունեցող մեր պահանջատիրությունն է: Եվ ցավալի է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը նման տարրական բանը չի կարողանում իր համար ֆիքսել ու ժամանակի կորուստ տալիս (իսկ այլ կերպ չես էլ անվանի իր այդ ելույթը) ու խոսում է այն մասին, թե «Ադրբեջանում ընտրությունների կեղծման առումով իրավիճակն ավելի վատ է, այդ ճանապարհով ապահովվել է իշխող կուսակցության համար մոտ 90 տոկոսանոց հաղթանակ, կատարվել է սահմանադրական փոփոխություն», «Բելառուսը փոխեց իր Սահմանադրությունը նույն եղանակով», իսկ Թուրքիայում ճնշում են լրագրողներին:
Ի դեպ, Լ. Զուրաբյանը իր այս ելույթով նաև իշխանությունների համար հաճո գործ արեց՝ համեմատելով Հայաստանում առկա իրավիճակը հարևան երկրների վիճակի հետ, որը որոշակիորեն ցույց է տալիս, որ թեև մեր երկրում էլ, ըստ պատգամավորի, խնդիրներ կան, բայց մյուս երկրներում, որոնց նա մատնանշում է, իրավիճակն ավելի վատ է: