21/04/2015 13:28
Իրավապաշտպան. Հայաստանում հաճախակի համաներումներն անհրաժեշտություն են
Հայաստանում հաճախակի համաներումներն անհրաժեշտություն են: Այս մասին այսօր «Համաներում հայտարարելու անհրաժեշտությունը Հայաստանում. խնդիրները և միջազգային փորձը» թեմայով քննարկմանը ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նրա խոսքով՝ ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե մենք պատկերացնեինք, որ ապրում ենք իրավական պետությունում, որտեղ լինում են նաև արդարացնող դատավճիռներ, խափանման միջոցը որպես կալանք հատուկ դեպքերում է ընդունվում, շատ ճկուն գործում են վաղաժամկետ ազատման մեխանիզմները:
«Հայաստանում համաներումն այսօր անհրաժեշտություն է, քանի որ այստեղ չի գործում անաչառ դատարան, արդարացումները մեկ տոկոսի են հասնում, այն էլ համաձայնեցված, չի գործում վաղաժամկետ ազատման մեխանիզմը և այս պայմաններում իշխանություններն էլ գիտակցում են, որ միակ լուծումը համաներումն է»,-ասաց նա։
Ա. իշխանյանի խոսքով՝ եթե եվրոպական պետություններում արդարացման դատավճիռները կազմում են մյուս դատավճիռների 15-25 տոկոսը, այդ պայմաններում քրեակատարողական հիմնարկները չեն լինում ծանրաբեռնված, և համաներման կարիք չի լինում, իսկ Հայաստանում 8 հոգանոց բետոնապատ խցերում 25 հոգի են բնակվում:
«Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանը ասաց, որ համաներումը պետք է տեղավորվի պետության` քրեակատարողական քաղաքականության մեջ և իրականացվի ժողովրդի կամքով:
«Համաներումը դարձել է մեխանիկական արարողակարգ, որի բուն էությունը չի գիտակցվում, հանցագործություն կատարած անձի նկատմամբ ներումը նույնպես դաստիարակչական մի ակտ է»,- ասաց Ա. Զեյնալյանը:
Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ համաներում հայտարարելու անհրաժեշտություն կա, քանի որ գլխավոր խնդիրը մեկուսարանների գերծանրաբեռնվածությունն է, և նա որևէ իրական քայլ չի տեսնում դա վերացնելու ուղղությամբ:
Լ. Սահակյանը նաև ասաց, որ պետությունը պետք է քաղաքականություն ունենա, թե որ հոդվածը կարելի է ներել, որ հոդվածը՝ ոչ, սակայն Հայաստանում նախկին համաներման տեքստը կարդալով՝ հասկանում ես, որ խնդիր էր լուծվում՝ կոնկրետ տվյալ անձը պետք է ազատ արձակվի:
Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ 1991 թ. սկսած Հայաստանում 9 համաներում է եղել, վերջինը՝ 2013-ին: