21/04/2015 13:19
Կրկնե՞լ ճարտարապետական ավանդույթները, թե՞ ստեղծել նորը. Կարծիքներ
Հայաստանում ներկայիս եկեղեցաշինությունը կրկնում է հին ավանդույթները. Այս ոլորտում առաջընթաց չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը՝ հավելելով, որ միջնադարյան կրկնօրինակներ են նաև այժմ ստեղծվող խաչքարերը:
Որպես առաջընթացի օրինակ՝ քանդակագործն առաջարկում է նայել, թե Եվրոպայում ինչպես են զարգանում և առաջ շարժվում. «Եվրոպայում միշտ ժամանակակից են, իսկ Հայաստանը այս առումով սայլում է հայտնվել: Սայլով ճանապարհ ենք գնում, երբ 20-րդ դարում տիեզերք են նվաճել»:
Բացի կրկնվող եկեղեցաշինական միտումներից, Ֆ. Առաքելյանը հակված է կարծելու, որ հայ ժողովուրդը երբեք «այսքան անհավատ չի եղել», իսկ այն, որ բարերարներն են եկեղեցիներ կառուցում, նա համոզված է, որ «բարերարն ուղղակի այդ փողը գողացել է» ու բացի այդ բարերաները պատվիրում են կառուցել «անճաշակ եկեղեցիներ»:
«Հասարակությունը անկումային շրջանում է»,- նման կարծիք հայտնեց ճարտարապետ Լևոն Վարդանյանը` անդրադառնալով կրկնվող և անճաշակ կառուցվող եկեղեցիներին: Իսկ կրկնօրիանկումը նա սխալ չի համարում, քանի որ այսպես ճարտարապետությունը վերականգնում է կորցրած արժեքները: