21/04/2015 13:01
Նորք-Մարաշ գերեզմանատան մոտ վիճաբանության ժամանակ դանակահարել են 2 տղամարդու
Հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք ապրիլի 17-ին, ժամը 22.10-ին հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի հատվածի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Էռնեստ Զ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նույն օրը, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի, իրանի վերին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1972 թ. ծնված Էդմոնդ Զ.-ն:
Ըստ հարազատների` Էռնեստ և Էդմոնդ Զ.-երը վնասվածքը ստացել են Նորքում, վիճաբանության ժամանակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Նորք-Մարաշ գերեզմանատան մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր-կտրող-գործիքով հարվածել է Էռնեստ և Էդմոնդ Զ.-երին և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 17-ին, ժամը 21.00-ին, «Նորք-Մարաշ» գերեզմանատան մոտ, վիճաբանության ժամանակ, Էռնեստ և Էդմոնդ Զ.-երին դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել 1989 թ. ծնված Նիկոլայ Ա.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 20-ին, ժամը 14.10-ին ինքնակամ ներկայացել է բաժանմունք և ներկայացրել հանցագործության գործիք ծալովի դանակը: