21/04/2015 17:11
Սևանից ջրառն այս տարի կկազմի 170.0 մլն. խոր. մետր
Ոռոգման նպատակով Սևանա լճից 2015 թվականի ոռոգման շրջանում Սևան–Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգով ջրի բաց թողման չափաքանակը կսահմանվի մինչև 170.0 մլն. խոր. մետր, ինչպես նախկինում: Որոշման նախագիծը ներառված է ապրիլի 22-ին նախատեսված կառավարության նիստի օրակարգում:
Նաև թույլատրվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի չափաքանակի շրջանակներում պլան-ժամանակացույցում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:
Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2015թ. ոռոգման շրջանում, ս.թ մարտի 17-ի դրությամբ ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրօգտագործման պլան-ժամանակացույցի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է 38.765 հազ. հա, ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, բացթողնվող ջրի ծավալը կկազմի 481.6 մլն.խ.մ:
Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել` Հրազդան գետից 153.962 մլն.խ.մ, Ազատի ջրամբարից 64.704 մլն.խ.մ, Ապարանի ջրամբարից 43.07 մլն.խ.մ, Մխչյանի պոմպակայանների համակարգով 15.824 մլն.խ.մ և Ռանչպար-Արևշատի պոմպակայանների համակարգով` 34.019 մլն.խ.մ ջրաքանակներով:
Պահանջարկի և վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի տարբերությունը (հաշվի առած նաև Սևան-Հրազդան համակարգի դերիվացիայի ջրանցքներում ֆիլտրացիոն կորուստները 13 %-ի չափով կամ շուրջ 22.1 մլն.խ.մ) կազմում է 170.0 մլն.խ.մ: