21/04/2015 12:02
Ապրիլի 23-ին և 24-ին տեղեկատվական անվտանգության դաշտում ռիսկային օրեր են լինելու. Մեդիափորձագետ
Ապրիլի 23-ին և 24-ին ռիսկային օրեր են լինելու, թուրքական և ադրբեջանական կողմերը լծվելու են հայկական կայքերի վրա զանգվածային հարձակումներ կատարելու գործին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Այդ օրերին կայքերի վրա անշուշտ զանգվածային հարձակումներ կլինեն և հիմնական թիրախը կլիեն լրատվական կայքերն ու հատկապես նրանք, որոնք Ցեղասպանության վերաբերյալ ավելի շատ են գրում»,- ասաց նա ու հավելեց, որ տարիների փորձը ցույց է տվել, որ տեղեկատվական դաշտում «հակառակորդը» այս օրերին ևս ակտիվանում է:
«Ամեն տարի չէ, որ այդպես է լինում, բայց մի քանի անգամ լուրջ գրոհներ եղել են: Վերջին մի քանի տարում ադրբեջանական հաքերներն են ներգրավվել ցեղասպանության հերքման մեջ ավելի շատ, քան թուրքերը»,-հավելեց փորձագետը:
Նրա խոսքով՝ երբեք Google-ում այդքան շատ չի որոնվել Հայոց ցեղասպանություն եզրույթը, որքան վերջին երկու շաբաթվա ընթացքում և եթե անգամ հայկական կայքերը չեն գործում, ամբողջ ուշադրությունը շեղվում է դեպի թուրքական կայքերը, իսկ այնտեղից էլ, բնականաբար, ապատեղեկատվություն է տարածվում:
«Այս օրերին խնդիր կա թուրքական և ադրբեջանական կողմերի մոտ: Եվ եթե նախորդ տարիներին միայն ապրիլի 24-ին էր լրատվությունը կենտրոնանում Ցեղասպանության թեմայի շուրջ, ապա այս տարի շաբաթներ շարունակ ամեն ինչ կենտրոնացած է Հայաստանի ու Հայոց ցեղասպանության շուրջ»,- ասաց նա: