21/04/2015 18:22
Սևանում ուսուցչի պատճառով աշակերտը կորցրել է տեսողությունը. Գործը դատարանում է
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է Սևանում դասի ժամանակ ուսուցչուհու պատճառով աշակերտի տեսողության կորուստի վերաբերյալ գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: Գործը ստացվել է Մնացական Հարությունյանի վարույթ:
Ըստ Հասմիկ Մարգարյանին առաջադրված մեղադրանքի՝ նա աշխատելով Սևան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի, 2014թ. դեկտեմբերի 9-ին,ժամը 11:30-ի սահմաններում,նույն դպրոցի 8ա դասրանում` ֆիզիկայի դասաժամի վերջնամասում,լսելով դասարանում բարձրացած ծիծաղի ձայնը, հետ է շրջվել և տեսել, որ այդ դասարանի աշակերտ Մեսրոպ Կարենի Խաչատրյանը, առանց իրենից թույլտվություն հարցնելու,գնացել ու անցել դասարանի վերջնամասի անկյունում տեղադրված կախիչի հետնամաս:
Դասաժամը չընդատելու համար, Հասմիկ Մարգարյանը գրատախտակի մոտից աշակերտական նստարանների միջնամասով, հետ-հետ քայլել է դեպի կախիչի ուղղությամբ:
Մեսրոպ Խաչատրյանը կարծելով,որ ուսուցչուհին կարող է մոտենալ իրեն և պատժել,լարված վիճակում սպասել է,թե ուսուցչուհին որ կողմից կմոտենա իրեն,որպեսզի ինքը հակառակ կողմից դուրս գա,փախչի և Մարգարյանը չկարողանա իրեն պատժել:
Այն պահին,երբ ուսուցչուհին հասել է կախիչի մոտ, Խաչատրյանը կախիչը հրել է ուսուցչուհու ուղղությամբ, որպեսզի կարողանա դուրս գալ և փախչել:
Նույն պահին Մարգարյանը, տեսնելով, որ դասարանի աշակերտների հագուստներով ծանրաբեռնված կախիչը գալիս է իր ուղղությամբ,թեև տվյալ իրադրության պայմաններում պարտավոր էր,կարող էր և հնարավորություն ուներ նախատեսել իր գործողության հետևանքով հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը,չի նախատեսել դրանք և դրսևորել է հանցավոր անփություն, կախիչը հետ է հրել իր սկզբնական դիրք, որի հետևանքով հագուստների կախիչը հետ է շպրտվել, մետաղյա ոտնակների վրա կանգնելու ընթացքում` կեռիկների հատվածում,ընկել է տատանումների մեջ, որի ժամանակ կախիչի հետնամասի մետաղյա կեռիկներից մեկը դիպել է Մեսրոպ Խաչատրյանի ձախ աչքին` նա առողջությանը անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս` ձախ աչքի շրջանի ակնակապիճների հեմատոմայի, ձախ աչքի վերին կոպի աջ անկյան շրջանի սալջարդ վերքի,ձախ ակնագնդի ենթահոդախախտի` տեսաներվի լրիվ պոկման,դրսային ուղիղ և ստորին թեք մկանների պոկման ձևով, որն էլ հանգեցրել է ձախ աչքի տեսողության լրիվ կորստի:
Ուոսւցչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 120 Հոդվածի 1-ին Մասի (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: