21/04/2015 16:54
Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև գիշերվա մեկը
Երևանի քաղաքապետարանը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ձևավորել է միջոցառումները համակարգող հանձնաժողով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ բազմաթիվ միջոցառումներ ընթացքի մեջ են, դպրոցներում ևս միջոցառումներ են տեղի ունենալու:
Ըստ Ա. Սուքիասյանի, ապրիլի 24-ին ժամը 13:00-ին Բրազիլիայի հրապարակից կմեկնարկի ավտոբուսների երթուղի դեպի Ծիծեռնակաբերդ. ավտոբուսները կգործեն մինչև գիշերվա 1-ը: Իսկ ապրիլի 23-ի և 24-ի համերգների առթիվ Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև գիշերվա մեկը, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա մասնակցել միջոցառումներին:
«Բնականոն հունով կաշխատեն այն երթուղիները, որոնք կենտրոնով չեն անցնում, անշուշտ փոփոխություններ կրելու են որոշ տրանսպորտային միջոցներ: Հիմնականում ծանրաբեռնված կլինի Խանջյան փողոցը», - ասել է փոխքաղաքապետը:
Նա նաև նշել է, որ ապրիլի 24-ին ժամը 20:15-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենա «Վերածնունդ» խորագրով միջոցառում- համերգը՝ բաղկացած է չորս մասից՝ Երախտագիտություն, Հիշողություն, Միջազգային պայքար և Վերածնունդ:
Ինչ վերաբերում է ծաղիկների վաճառքին, ապա Արամ Սուքիսայանը տեղեկացրել է, որ ծաղիկների բացօթյա առևտուրը կանոնակարգված կլինի.
«Հալաբյան փողոցի ստորգետնյա տարածքում և Բարեկամություն- Օրբելի հատվածներում կթույլատրվի ծաղիկների վաճառք»: