22/04/2015 09:13
Աբովյան փողոցում «դիակ» շենք են կառուցում. «Առավոտ»
Երևանի հին ճարտարապետական գեղեցիկ շենքերը քանդելով, տեղում նորակառույց կառուցելով՝ ճարտարապետական շենքի ճակատային մասը նորից հավաքելով, երևանցիների կարծիքով՝ հնությունը պահպանել չէ։ «Իմ մասնագիտական կարծիքով՝ սա երկերեսանիություն է, որ իբր թե ինչ-որ բան ենք պահպանում, բայց այդ պահպանածը որևէ արժեք այլևս չունի»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։
Նրա նշած երկերեսանիության մի օրինակ է Աբովյան 3 հասցեում կառուցվող շենքը, որի առաջամասում հին ճարտարապետական շենքի «ֆասադը» նորից հավաքվել է, բայց այն ստվերվում է շենքի ընդհանուր տեսքից։ «Ընդամենը մի հատ նկարչություն, դիզայն է դառնում շենքի ճակատի վրա։ Կարծես թե սպանված աղավնիներ լինեն, այդ շենքերը մեռած են, ուղղակի որպես դիակ պահում են»,- ասել է ճարտարապետը։
Մի քանի զբոսաշրջիկներ էլ թերթին ասել են, որ այդ շենքից հնության «հոտ» չեն առնում: