23/04/2015 22:45
Լրագրողի նոթերից. Ազատի, փոքր թաթիկների, մեծ աշխարհի ու մի բուռ սրտիս մասին
Ուզում եմ սովորական, պարզ պատմություն պատմել: Մի տղայի մասին: Անունը Ազատ: 4 տարեկան: Կարսից: Մի օր Ազատին դնում են ձիու վրա, կապում, հետն էլ՝ ոսկի, չգիտեմ որքան: Կապում են ու քշում ձիուն: Ի՞նչը կարող է ավելի սարսափելի լինել ծնողի համար, քան այս որոշումը:
Ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան գիտակցումը, որ այլևս երբեք չես տեսնելու երեխայիդ: Ի՞նչը կարող է ավելի ստորացուցիչ լինել, քան մեղավորությունը, որ չպաշտպանեցիր նրան: Ի՞նչը կարող է ավելի անարդար լինել, քան միտքը, որ դրանից հետո կարոտդ անվերջ է լինելու, որ մահն ավելի հեշտ է, քան ապրելը:
Հիմա մտածում եմ՝ երևի Ազատը հիշել է մորը, նրա հոտը, հետզհետե փոքրացող, աննշմար դարձող պատկերը հեռվում: Երևի փոքրիկ ձեռքերով ամուր գրկել է ձիու բաշը, ու վախեցել, որ կընկնի, վերքին փչող չի լինի: Երևի հիշել է իրենց տունը ու վախեցել, որ հետդարձի ճանապարհը չգիտի: Երևի ճանապարհին հանդիպել է կանանց ու նմանեցրել մորը, սոված է եղել, լաց եղել:
Ու ինչը կարող է ավելի զարմանալի լինել, քան այն, որ Ազատն ապրեց, անապատում գտավ քեռուն, հասավ մինչև Երևան: Մի քանի տարի ապրեց Նորքում, աշխատեց մարդկանց բաղերում, մի կտոր հացի համար: Հետո ոտքով հասավ Քանաքեռ, որտեղ հողերը խոպան էին, գործը շատ: Թաղեց հետը բերած ոսկին ու տեղն ասաց քեռուն՝ միակ մարդուն, ով մնացել էր աշխարհիս վրա: Իսկ առավոտյան քեռին չկար, ոսկին էլ հետը: Ու աշխարհն ավելի փոքրացավ, դարձավ ճիշտ իր չափ: Ու ինքն էլի մենակ մնաց:
Հետո ծանոթ-հարևանները որոշեցին, որ Ազատը մենակ չի դիմանա, որբանոցում գտան մի աղջկա ու պսակեցին որբերին, որ աշխարհն իրարով չափեն, որ տուն դառնան, որ իմանան՝ միշտ հետ գալու տեղ կա:
Հետո Ազատը երեք զավակ ունեցավ, ապրեց, ուրախացավ ու տխրեց բոլորի նման: Ավելի ուշ պատերազմ գնաց, գնաց ու չեկավ: Ազատը 31 տարեկան էր:
Ամեն ինչ պարզ է. Ցեղասպանության համար պետք է դատել, որովհետև ոչ ոք իրավունք չունի մարդուն զրկել տնից, հույսից, իրավունք չունի դատապարտել մահվան, չընդհատվող կարոտի, անանցյալ ապրելու, չհիշելու: Ես որևէ մեկին չեմ ատում, որովհետև գիտեմ՝ ատելությունը բեռ է: Ուղղակի մեկ-մեկ հիշում եմ Ազատին, ու սիրտս կծկվում, մի բուռ է դառնում: Ազատն իմ պապն էր: