24/04/2015 16:54
«Ցավդ տանեմ». Ավակովը, Սոբչակը, Նավալնին՝ Հայոց ցեղասպանության մասին
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին անդրադարձել են բազմաթիվ միջազգային ԶԼՄ-ներ, աստղեր, քաղաքական գործիչներ:
ՈՒկրաինայի հայազգի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքում գրառում է արել, որը սկսել է «ЦАВЕТ ТАНЕМ» բառերով:
Ավակովը ռուսերեն և ուկրաիներեն արված գրառման մեջ խոսում է այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը հատուկ ծրագրված գործողություն էր և այն ոչ միայն հայերի ցավն է, այլև՝ ամբողջ աշխարհի ճանաչման խնդիրը: Ավակովը նաև խոսում է Մայդանի ժամանակ զոհված Մանուկ Նիգոյանի մասին:
Հայազգի լրագրող, ռուսական միջազգային հեռարձակվող RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն էլ իր twitter-ի էջում մի քանի գրառում է արել Ցեղասպանությունից փրկված իր նախատատի, նրա հարազատների, նրանց կրած զրկանքների ու Ռուսաստանում հիմնավորվելու մասին:
Ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին էլ twitter-ում և facebook-ում գրառում է արել՝ խոսելով Հայոց ցեղասպանության մասին և ներկայացնելով մի քանի հոդված, որ խորհուրդ է տալիս կարդալ խնդրին ավելի լավ ծանոթանալու համար:
Թինա Կանդելակին և Քսենիա Սոբչակը instagram-ի իրենց էջերում ևս գրառում են կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Կանդելակին նշել է, որ կիսով չափ հայ է, Սոբչակն էլ համոզմունք է հայտնել, որ Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի սեփական պատմության այդ մութ էջը: