24/04/2015 16:45
«Ներողություն եմ խնդրում՝ Ցեղասպանությունն ընդունելու քաջություն չունեցող իմ ղեկավարության համար»
Ավստրալացի Լեն Ուիքը Հայաստան է ժամանել հայ ժողովրդի վիշտը կիսելու համար: Նա Հայաստանի մասին գիրք է գրել և առաջիկայում պատրաստվում է ֆիլմ նկարահանել: Ամուսնացած է հայ կնոջ հետ և այսօր ապրում է ոչ թե Ավստրալիայում, այլ՝ Թաիլանդում: Aysor.am-ի հետ զրույցում նա Ավստրալիայի ղեկավարության անունից ներողություն խնդրեց, իսկ ավսստրալիացիների անունից ողջույններ փոխանցեց:
«Ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելու քաջություն չունեցող իմ ղեկավարության համար: Ես այստեղ եմ եկել՝ ասելու, որ իմ հասարակությունը մտածում է այդ մասին՝ չնայած մեր քաղաքական գործիչների ամոթին, ովքեր այսօր ոչ թե հայ ժողովրդի, այլ՝ թուրք ոճրագործի կողքին են»,- ասաց նա:
Նշենք, որ Լ. Ուիքը հանդիսանում է ՄԱԿ-ի ավիացիայի վարչության անդամ:
«Ես այսօր այստեղ եմ, որովհետև իմ երկրների՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետներն այսօր Թուրքիայում են: Նրանք մասնակցում են Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին, քանի որ այդ տարիներին շուրջ 35 հազար բրիտանացի զինվոր է մահացել: Ես ուզում եմ ասել, որ այդ երկրների ժողովուրդները շատ անկեղծ ու հոգատար մարդիկ են: Նրանք արդեն ճանաչել և ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Մեծ ցավ և ամոթ եմ ապրում, որ մեր երկրների ղեկավարները չեն գիտակցում այդ ամենը: Նրանք վախենում են Թուրքիայից, որովհետև թուրքական իշխանությունները սպառնացել են»,- ասաց նա: