24/04/2015 20:11
Լևոն Զուրաբյան. Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության հանդեպ՝ անկախ դրա դրդապատճառներից
Բոլոր ցեղասպանությունները պետք է ճանաչվեն, նրանց ժխտումը պետք է դատապարտվի և բոլորի զոհերին պետք է հիշատակենք: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ցեղասպանությունը հանցագործոթյուն է մարդկության դեմ՝ անկախ այն բանից, թե երբ և ինչ քաղաքական դրդապատճառներով է դա արվել»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
Նա նշել է՝ այսօր բոլորի բարոյական պարտավորությունն է գնալ Ծիծեռնակաբերդ և խոնարհվել Հայոց ցեղապսանության զոհերի հիշատակի առաջ:
Լևոն Զուրաբյանը չի ցանկացել պատասխանել Թուրքիայի կողմից տարվող քաղաքականության հետ կապված հարցերին.
«Այսօր այն օրը չէ, որ քաղաքական ուղերձներ տանք թե′ մեր, թե′ միջազգային հանրությանը»:
Նշենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀԱԿ-ը եկել էր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Նա, սակայն, չցանկացավ պատասխանել որևէ հարցի: