24/04/2015 18:14
Միջազգային ԶԼՄ-ները՝ Հայոց ցեղասպանության մասին
Համաշխարհային ԶԼՄ-ներից շատերը անդրադարձել են այսօր Երևանում անցկացվող Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին:
BBC-ն մասնավորապես իր կայքի գլխավոր էջում ներկայացրել է Ցեղասպանության հարցով պաշտոնական կողմերի տեսակետները, այնուհետև մեջբերել այսօր Երևանում ելույթ ունեցած Ֆրանսուա Օլանդի և Վլադիմիր Պուտինի ելույթներից: Հոդվածում խոսվում է անմոռուկի նշանակության մասին, հիշատակվում է նաև «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը:
Euronews-ը նույնպես կարևոր իրադարձությունների շարքում առանձնացրել է Երևանում տեղի ունեցող հիշատակի արարողությունը: Նախքան Պուտինի և Օլանդի ելույթների մասին խոսելը, հայտնի եվրոպական լրատվականը անրդրադարձել է նաև նախօրեին Գերմանիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության մասին ձևակերպումներին, ինչպես նաև՝ օրեր առաջ Հռոմի Պապի կողմից հնչեցված մտքերին:
Al Jazeera-ն ևս խոսել է այսօր Երևանում տեղի ունեցող միջոցառուների ու Հայոց ցեղասպանության մասին: Հոդվածում հեղինակները խուսափել են օգտագործել ցեղասպանություն բառը՝ այն փոխարինելով ջարդեր ձևակերպմամբ: Նյութում պատմվում է այսօր տեղի ունեցած պաշտոնական արարողակարգի, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության շուրջ եղած միջազգային իրադրության, մասնավորապես, Բարաք Օբամայի և Թուրքիայի նախագահ Էրդողանի տեսակետներին:
Հայոց ցեղասպանության երիտթուրքական ծրագրի մասին առավել մանրամասն խոսել է ռուսական Коммерсант- ը: Հոդվածում մեջ են բերված Հայոց ցեղասպանության ոճրագործների, ինչպես նաև ցեղասպանությանը ականատես եղած միջազգային դիվանագետների, հումանիստների մտքերը այն մասին, թե ինչպես և ինչու էր ծրագրվել դարասկզբի ամենամեծ ոճիրը: Էնվեր, Թալեաթ փաշաների, այլ թուրք ոճրագործերի մտքերը մեջբերելուց հետո, հեղինակը ամփոփում է իր խոսքը՝ մեջբերելով Թուրքիայի նախագահի ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող մտքերից մեկը: