24/04/2015 15:52
Բակո Սահակյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանգակատուն-հուշակոթողի բացման
Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր և մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանգակատուն-հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ այսօր ամբողջ աշխարհի հայության և առաջադեմ մարդկության ուշադրությունը սևեռված է հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական ու սև էջի՝ Հայոց ցեղասպանության վրա, հավելելով, որ յուրաքանչյուր հայ, երկրագնդի որ ծայրում էլ լինի, իր պարտքն է համարում հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Նախագահի բնութագրմամբ` թշնամին չէր պատրաստվում բավարարվել միայն Արևմտյան Հայաստանի ոչնչացմամբ և նպատակ ուներ ավարտին հասցնել հայասպանության քաղաքականությունը՝ նույն ճակատագրին արժանացնելով նաև Արևելյան Հայաստանը:
Բակո Սահակյանի խոսքով` ոճրագործությունների չճանաչումը, պատասխանատվությունից խուսափումը և անտարբերության ցուցաբերումը ծնում են նոր աղետներ: Եվ այն, որ միջազգային հանրությունն անմիջապես չճանաչեց ու չդատապարտեց Մեծ եղեռնը, նաև բերեց նրան, որ երկրագնդի տարբեր տարածաշրջաններում իրականացվեցին նոր ցեղասպանություններ:
«Թուրքիայի օրինակով ոգևորված և անպատիժ մնալու հեռանկարով գոտեպնդված Ադրբեջանը նույնպես ցեղասպանություն իրականացրեց հայ ժողովրդի նկատմամբ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Արցախի տարբեր բնակավայրերում: Սակայն հրեշավոր այս ծրագիրը թշնամին չկարողացավ լրիվությամբ իրագործել: Համայն հայությունը համախմբվեց, վերականգնվեց մեր անկախ պետականությունը, կազմավորվեց ազգային բանակը: Արցախյան շարժումը, մեր ազգային-ազատագրական պայքարը և փառավոր հաղթանակները դարձան յուրատեսակ մի դատ ցեղասպան պետության, նրա անմարդկային քաղաքականության հանդեպ»,- ընդգծել է Նախագահ Սահակյանը:
Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այս հուշակոթողը կդառնա ուխտավայր, որտեղ այցելելիս յուրաքանչյուր ոք կունենա խոր ու նվիրական զգացումներ, կվերապրի մեր ժողովրդի ցավը և միաժամանակ կլցվի հույսով ու հավատով: Բակո Սահակյանը նշել է, որ վաղ թե ուշ հայոց ցեղասպանությունը կճանաչվի ու կդատապարտվի միջազգային հանրության կողմից, քանի որ նման հանցագործությունը չի կարող ընդմիշտ անպատիժ մնալ:
«Վերջնական հաղթանակին հասնելու, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ ժողովրդի հուսալի ապագան ապահովելու ամենակարևոր երաշխիքները հայոց անկախ պետականությունն է, մեր հզոր ու մարտունակ բանակը, Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնությունը և սեփական ուժերին ապավինումը»,- իր ելույթում շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը: