24/04/2015 09:31
Է. Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ ֆինանսների քարտուղարի գլխավորած պատվիրակությունը
Ապրիլի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ ֆինանսների քարտուղար Ջեյքոբ Լյուին, ով որպես Միացյալ Նահանգների նախագահական պատվիրակության ղեկավար Հայաստան է ժամանել՝ ներկայացնելու ԱՄՆ կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Ամերիկյան նախագահական պատվիրակության կազմում են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Աննա Էշյուն, Ջեքի Սփիրը, Դեւիդ Թրոթը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ամերիկյան պատվիրակության մասնակցության համար։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հայ ժողովրդի համար այս խորհրդանշական օրը Երևանում բազմաթիվ պատվիրակությունների ներկայությունը վկայում է, որ Հայոց ցեղասպանությունը սոսկ ազգային ողբերգություն չէ, այլ ողջ մարդկության դեմ գործած հանցագործություն։ Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորել է միջազգային հանրության միասնական ջանքերը` ցեղասպանությունների կանխարգելման գործում, և շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին՝ մարտ ամսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝ «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը համահեղինակելու համար։
ԱՄՆ ֆինանսների քարտուղար Ջեյքոբ Լյուն նշել է, որ իր համար մեծ պատիվ է ապրիլի 24-ին ներկայացնել ԱՄՆ նախագահին և ամերիկյան ժողովրդին Հայաստանում։
Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել պատվիրակության կազմում ընդգրկված կոնգրեսականներին և հայկական հարցերով հանձնախմբի նրանց գործընկերներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող հետևողական աշխատանքների համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման հարցերի, տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի գործունեությանը, մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ։