24/04/2015 13:49
Մեվլութ Չավուշօղլու. Մենք ընդունում ենք, որ բազմաթիվ մարդիկ են մահացել
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական մոտեցման վերաբերյալ հարցազրույց է տվել ամերիկյան «CNN»-ին:
Հարցազրույցի սկզբում լրագրողը նշել է, որ 100 տարի առաջ 1,5 մլն. հայեր են սպանվել թուրքերի կողմից, և անդրադարձել Ֆրանցիսկոս պապի ու Եվրոպայի Խորհրդարանի հայտարարություններին, ովքեր դատապարտեցին Հայոց Ցեղասպանությունն ու կոչ արեցին Թուրքիային ճանաչելու այն, արդյոք ինչո՞ւ Թուրքիան չի անսում այդ կոչերին, Մ. Չավուշօղլուն պատասխանել է.
«Իրականում, Ֆրանցիսկոս պապը Թուրքիային կոչ չի արել ճանաչել Ցեղասպանությունը, նա միայն հղում է կատարել նախկինում Հովհաննես-Պողոս 2-րդ պապի կողմից արված հայտարարությանը, իսկ «Ցեղասպանություն» բառը իրավական տերմին է, հետևաբար չպետք է այդքան հեշտ լինի 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն որակելը: Իրականում հնարավոր էլ չէ այդպիսի որակում տալ, և ո՞վ է որոշում` արդյոք դա ցեղասպանություն է եղել, թե ոչ: Ցեղասպանության միջազգային սահմանումը շատ պարզ է, ես և Դուք կարող ենք ունենալ պատմական իրադարձությունների վերաբերյալ տարբեր տեսակետներ: Տարակարծությունը հաղթահարելու համար մենք Հայաստանին առաջարկել ենք շատ արդարացի լուծում, այն է` ստեղծել պատմաբանների միացյալ հանձնաժողով, որը կքննարկի 1915 թ. իրադարձությունները: Մենք առաջարկել ենք բացել արխիվները, նույնիսկ, որ 3-րդ երկրների, ներառյալ ԱՄՆ-ի գիտնականներն ու պատմագետները ևս մասնակեն այդ քննարկումներին և բացեն իրենց արխիվները»:
Նա ասել է, որ նախագահ Էրդողանի կողմից Հայաստանին ուղղված պաշտոնական նամակ-առաջարկության մեջ նշված էր, որ Թուրքիան պատրաստ է ընդունել պատմաբանների հանձնաժողովի եզրակացությունը իրադարձությունների վերաբերյալ, այդ դեպքում ուրիշ ի՞նչ կարող է անել Թուրքիան:
«1915թ-ի իրադարձությունները Թուրքիան չի դիտարկում որպես հակամարտություն հայերի և թուրքերի միջև, և մենք հավատում ենք, որ մեծ ներդրում ենք ունեցել երկու ժողովուրդներին և երկու պետությունների հաշտեցման ուղղությամբ: Իրականում մենք երբեք չենք ժխտել հայ ժողովրդի վիշտը, և իր ուղերձում նախագահ Էրդողանն իր ցավակցություններն է հղել 1915 թ. Օսմանյան Թուրքիայում մահացածների հետնորդներին: Ընդ որում, միայն հայեր չեն մահացել այս ընթացքում: Միլիոնավոր թուրքեր և մահմեդականներ են սպանվել, և սա այն է, ինչ մենք չենք կարող ժխտել, սակայն մենք չենք կարող որակել այս իրադարձությունը որպես ցեղասպանություն:
Դուք հավանաբար լսել եք 1932-1933 թթ. «Հոլոդոմորի»` մեծ սովի մասին, որի հետևանքով 10 մլն մարդ է մահացել, որից միայն 8 մլն` Ուկրաինայում, բայց անգամ ուկրաինացի պատմաբանները չեն կարողանում միանշանակ կարծիքի գալ, թե արդյոք դա ցեղասպանություն է եղել, թե ոչ: Հետևաբար, ինչպե՞ս կարող եմ ես` որպես քաղաքական գործիչ, որոշել, թե արդյոք 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն են եղել, թե ոչ: Մենք հավատում ենք, որ պատահածը միանշանակ ցեղասպանություն չէ, սակայն բազմաթիվ մարդիկ են մահացել, և մենք կիսում ենք հայ ժողովրդի այդ ցավը` առաջարկելով հաշտվել:
Այս մասին հունվարին հայտնել է նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով օրեր առաջ իր ցավակցությունները հղեց հայ ժողովրդին 100 տարի առաջ կրած կորուստների համար: Ապրիլի 24-ին Անկարայի հայկական պատրիարքարանում հոգևոր պատարագ կմատուցվի մահացած հայերի հիշատակին, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թուրքիան ցավում է կատարվածի համար»,-ասել է նա:
Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք ինչու՞ Թուրքիան ուղղակի չի կարող ընդունել, որ կատարվածը ցեղասպանություն է, ինչպես արել են այլ երկրներ, օրինակ Գերմանիան` նշելով, որ իրերն իրենց անուններով կոչելու համար ոչ մեկ չի դատապարտի Թուրքիային, թուրք արտգործնախարարը պատասխանել է, որ դա միայն իրավական հարց է.
«Ինչպես արդեն նշեցի, մենք ընդունում ենք, որ բազմաթիվ մարդիկ են մահացել, բայց կատարվածը չենք կարող որակել որպես ցեղասպանություն: Դա տարբեր Խորհրդարանների խնդիրը չէ` որոշել, թե արդյոք դա ցեղասպանություն է, թե ոչ: Մենք կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ, բայց սա այն բառը չէ, որը կարելի է կիրառել այդքան հեշտությամբ»: