24/04/2015 09:53
Ապրիլի 24-ին լիբանանյան կրթօջախներում ոչ աշխատանքային օր է հայտարարվել
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլին, ով գլխավորում է Լիբանանի պատվիրակությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության կազմում են նաև Լիբանանի բնական պաշարների և ջրային ռեսուրսների նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի կրթության և գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի գրկաբաց ընդունելությունը լիբանանցիների կողմից և բարձր է գնահատում դեռ 2000թ. Լիբանանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Լիբանանի արտգործնախարարը նշել է, որ իր համար առանձնահատուկ պատիվ է ներկայացնել Լիբանանի կառավարությունը և ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում անցկացվող միջոցառումներին։ Նախարար Բասիլը տեղեկացրել է, որ այսօր Լիբանանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարարությամբ է հանդես եկել, որում ևս մեկ անգամ դատապարտել է 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը։ Լիաբանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ինչի վկայությունն է այսօր գրեթե նույն տարածքներում ահաբեկիչների կողմից հարյուրամյա վաղեմության ոգով իրականացվող դաժան ոճրագործությունները։
Լիբանանի կրթության և գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը իր հերթին ընդգծել է, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին լիբանանյան կրթօջախներում ոչ աշխատանքային օր է հայտարարվել։
Հանդիպմանը քննարկվել են հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացման նպատակով ձեռքնարկվող քայլերը։ Այս առումով կարևորվել է լիբանանահայ համայնքի դերակատարությունը, որը նախարար Բասիլի բնորոշմամբ ակտիվորեն ներգրավված է Լիբանանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության խթանման շուրջ։
Նախարարները արժևորել են այս տարվա մարտին համատեղ ջանքերով՝ Ռուսաստանի և Վատիկանի հետ միասին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպման անցկացումը և կարևորել այս ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը։
Զրուցակիցներն անդրադարձել են մերձավորարևելյան տարածաշրջանում առկա լարված իրավիճակին և դրա կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: