24/04/2015 13:18
Հայրապետիս աղոթքն է, որ մեր ժողովուրդը զորավոր պահի հավատքն ու հայրենյաց սերը, անկասելի` իր իրավունքները վերականգնելու կամքը
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ելույթ ունեցավ նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, ով իր խոսքում երախտագիտություն հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ողջունելով ներկա գտնվող բարձրաստիճան հյուրերին, կաթողիկոսը հայ ժողովրդի աղոթքներն ու երախտագիտությունը հատնեց նրանց, որ այսօր էլ չեն մոռացել հայ ժողովրդին:
«Մեծապատիվ հյուրեր և սիրելի բարեպաշտ ժողովուրդ. Նվիրական և պատմական օր է այսօր: 100-րդ տարելիցն է Հայոց Ցեղասպանության: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերստին համախմբվել ենք ոգեկոչելու մեր սուրբ նահատակների հիշատակը: Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ, Ձեր ժողովուրդներին ու իշխանություններին մեր ժողովուրդների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար: Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած 20 դարի Հայոց ցեղասպնությունը նորագույն պատմության մեծագույն ողբերգությունն է, որը նախադեպ դարձավ նոր ոճրագործությունների համար: Գոհություն Աստծո, որ Հայոց ցեղասպանությունը ներկայում միջազգային հնարության ուշադրության կենտրոնում է գտնվում, որ այն ճանաչում և դատապարտում են: Մեր ներկայությունն այստեղ ընդգծում է մեր պատաասխանատվությունը սերունդներին ավանդելու եղեռնագորոծություններից ու ցեղասպանություններից զերծ աշխարհ»,- նշեց կաթողիկոսը և հավելեց.
«Այսօր Արարատահայաց այս բարձունքից, ուր լուսազգեստ հոգիներն են մեր նահատակների, և սրբությունն է մեզ վրա հովանի, բարեխոսական աղոթք ենք վերառաքում երկինք` աղերսով աշխարհին խաղաղություն, մարդկանց մեջ` սեր և համերաշխություն: Մեր սուրբ նահատակները այսօր պատգամ են բերում մեզ և կոչում լինելու առաքյալներ, առաքյալներ` արդարության, դատապարտելու եղեռնագործությունները մարդկության դեմ` ցեղասպանությունները, ահաբեկչությունները, մարդու և ազգերի իրավունքների ոտնահարումները: Մարդասիրության, արդարության ու խաղաղության հովանավոր մեր սուրբ նահատակները կոչում են մեզ լինելու առաքյալներ ճշմարտության` ընդդեմ կեղծիքի քարոզչության ու տարածման, մերժելու ժխտողականությունը, հաղթահարելու անհանդուրժողականությունն ու անտարբերությունը»,- ասաց նա:
Շարունակելով իր խոսքը՝ կաթողիկոսն ընդգծեց. «Ցեղասպանության դառն հիշողությունները 100 տարիների ընթացքին չարությամբ ու ոխակալությամբ չեն մթագնել մեր ժողովրդի հոգին: Մեր վշտին ատելություն չի խառնվել, սակայն եղել ենք անհաշտ խարդավանքների, մեր պատմության խեղաթյուրման հանդեպ, եղել ենք աննահանջ` ճշմարտության պայքարի մեր ճանապարհին: Մեր ժողովուրդն այսօր շարունակում է ապրել շրջափակման և պատերազմի վտանգի պայմաններում, դիմակայում դժվարությունների և իր իրավունքները պաշտպանում մարդու և ազգերի իրավունքների գերակայության հավատով: Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև՝ վերստին երախտագիտություն ենք հայտնում Հայոց Ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին, պետական, կրոնական ու հասարակական կառույցներին ու կազմակերպություններին, նաև` բոլոր պետություններին, ժողովուրդներին ու անհատներին, ովքեր Ցեղասպանության դժնդակ տարիներին օգնության ձեռք մեկնեցին և ապաստան տվեցին մեր ժողովրդի զավակներին: Հայրապետիս աղոթքն է, որ մեր ժողովուրդը զորավոր պահի հավատքն ու հայրենյաց սերը, անկասելի` իր իրավունքները վերականգնելու կամքը: Հայցում ենք, որ մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ խաղաղությունը, արդարությունը, սերն ու ողորմությունը հավերժ թագավորեն երկրի վրա` հանուն մարդկության շեն, ապահով ու բարօր կյանքի»: