24/04/2015 13:59
Կասպարով. «Պետք է բավականաչափ ազնիվ լինենք և քաջ, որպեսզի չարագործությունն անվանենք իր իսկ անունով»
Իր ֆեյսբուքյան էջում շախմատի աշխարհի չեմպիոն, այժմ Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:
«Այսօր նշվում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցը: Ինչպես բոլոր ոճրագործությունները, դժվար է առերեսվել դրան: Չարագործությունն աճում է, և մենք հրաժարվում ենք ճանաչել այն: Պետք է բավականաչափ ազնիվ լինենք և քաջ, որպեսզի չարագործությունն անվանենք իր իսկ անունով, հատկապես այդ չարագործությունը, որը 20-րդ դարի ցեղասպանությունների մայրն է:
2002թ-ին ես The Wall Street Journal պարբերականում հոդված եմ տպագրել և կոչ եմ արել Եվրոպական Միությանը ընդունել Թուրքիային իր շարքերը, եթե լուծի որոշ խնդիրներ: Դրանցից մեկը 1915-ին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու ամբողջական հետաքննությունն էր:
Մեծ հիասթափություն էր, որ դա այդպես էլ չպատահեց: Ես մինչ այժմ հույս եմ փայփայում, որ այդպես կլինի: Ինչպե՞ս կարող ենք պայքարել այժմ գոյություն ունեցող չարիքի դեմ, եթե քաջություն չունենք առերեսվել այն չարիքին, որի ուրվականները մեկդարյա կյանք ունեն»,-գրել է Գարի Կասպարովը: