24/04/2015 14:42
Գյումրու քաղաքապետ. Թուրքիան պարտավոր է ճանաչել դարասկզբի ոճիրը
Այսօր` ապրիլի 24- ին, Հայոց Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց Ջարդի (Հերհերի) ձոր ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանի լրատվական բաժնից:
Իր խոսքում Սամվել Բալասանյանը նշել է, որ Մեծ Եղեռնից 100 տարի անց, ժամանակակից աշխարհը պարտավոր է հայ ժողովրդի կողքին լինել որպես պահանջատեր, քանի որ այս վիշտը ոչ թե սպիանում, այլ ծանրանում է մարդկության ուսերին՝ որպես մեծագույն պարտք հայ ժողովրդի նկատմամբ:
Թուրքիան պարտավոր է ճանաչել դարասկզբի ոճիրը՝ որպես թուրքական պետության կողմից հայ ժողովրդի դեմ կազմակերպված ցեղասպանություն:
Սամվել Բալասանյանի խոսքերով, այսօր հայ ժողովուրդը ոչ միայն սգում է համազգային մեծ ողբերգության մեկդարյա հիշատակը, այլև հանդես է գալիս որպես պահանջատեր՝ ակնկալելով հստակ դիքորոշում հատկապես գերտերությունների կողմից: