24/04/2015 16:11
Լիբանանահայ. Հայաստանն այս տարի իր ազնիվ քայլերով շարժեց ամբողջ աշխարհը
100-ամյակը լիբանանահայերիս համար շատ խորհրդանշական և ուրախ օր է: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանից ժամանած Մարալ Խաչատուրյան-Սեմերջյանը:
«Ուրախ ենք, որովհետև անգամ 100 տարի հետո հասանք նրան, որ ամբողջ աշխարհում ընդունում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը: Ինչպես որ ժամանակին Գանդին է ասել, մեղմ, բայց ազնիվ ճանապարհով հասանք նրան, որ աշխարհը այսօր կանգնած է մեր կողքին: Հայաստանն այս տարի իր ազնիվ քայլերով շարժեց ամբողջ աշխարհը»,-ասաց նա:
Անդրադառնալով թուրքերին՝ նա նշեց, որ Թուրքիան, եթե չի ճանաչում և ընդունում, դա իր անելիքն է և գործը:
«Դա թողնում ենք իրենց խղճին, իսկ հայերը հանգիստ են, այսուհետև կարևորն այն է, որ մեր պայքարը տանենք մինչև վերջ: Հայոց ցեղասպանությունը գալիք սերունդների համար պետք է դաս լինի, ովքեր պետք է հիշեն և պահանջեն»,- ասաց նա:
Լիբանանահայ Լենա Փարագեզյան-Ոսկեմորուքյանը իր հերթին հավելեց, որ ինտելեկտուալ թուրքերը շատ լավ հասկանում ու գիտակցում են, թե ինչ է տեղի ունեցել:
«Այս տարիների ընթացքում մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի մեր պահանջը տեղ հասցնենք և հասանք նրան, որ աշխարհի տարբեր անկյուններում հիշում ու հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Թե հայ և թե թուրք երիտասարդները պետք է միշտ հիշեն, թե ով են եղել հայերը և ով են եղել թուրքերը»,- ասաց նա: