24/04/2015 22:11
Երևանում մեկնարկեց ավանդական Ջահերով երթը
Քիչ առաջ մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման, պայքարի ամենամյա Ջահերով երթը: Այս անգամ դրա երթուղում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Այն Ազատության հրապարակի փոխարեն այս անգամ մեկնարկել է Հանրապետության հրապարակից:
Ավանդական Ջահերով երթն ամեն տարի կազմակերպում է «Հայ հեղափոխական դաշնակցության» «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությունը: Դրան բազմաթիվ տեղացի երիտասարդների հետ միասին մասնակցում են այլազգիներ ու Սփյուռքի ներկայացուցիչներ:
Երթից առաջ բազմահազար հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915 թվականին Օսմանիան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իսկ հետո այրեցին Թուրքիայի դրոշը՝ ի նշան վրեժի և վրդովմունքի:
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը երիտասարդներին կոչ արեց չդադարեցնել պայքարը: «Այսօր աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի վրա և, մասնավորապես, ձեր երիտասարդների: Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում, բայց նաև թույլ չենք տա, որ որևէ պետություն մեր իրավունքների հաշվին առաջ գնա: Թուրքիան ընդունելու է իր պատասխանատվությունը, և մենք վերակագնելու ենք մեր իրավունքները: Պետք է պարզապես շարունակել պայքարը հանուն ավելի լավ Հայաստանի»,- նշեց Մանոյանը, ով վառեց առաջին ջահը և փոխանցեց երիտասարդներին:
Նշենք, որ երթի մասնակիցները կանցնեն Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Բաղրամյան պողոտա-Բարեկամության հրապարակ-Կիևյան փողոց-Կիևյան կամուրջ երթուղիով և կհասնեն մինչև Ծիեռնակաբերդ: