24/04/2015 20:48
Կարծում եմ՝ Թուրքիան ևս մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ստեփան Դեմիրճյան
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էր եկել նաև «Ժողովրդական կուսակցության» ղեկավար, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը։
Լրագրողների հետ զրույցում վերջինս նշեց, որ Ցեղասպանության դատապարտումը համամարդկային խնդիր է և միայն Հայաստանի խնդիրը չէ: Նրա խոսքով՝ 20-րդ դարի այս ցեղասպանությունը շատ երկրներ արդեն ճանաչել են և կասկած չկա, որ այդ ցանկը ընդլայնվելու է:
«Կարծում եմ՝ մի օր Թուրքիան ևս կճանաչի Ցեղասպանությունը, ինչը ժողովուրդների հաշտեցման գործընթացի հիմք կդառնա:
Մեր առաջնային խնդիրն այսօր մեր պետության կայացումն է, մեր պետականության ամրապնդումը: Հայաստանը պետք է դարձնենք զարգացած, ժողովրդավարական, մրցունակ տնտեսություն ունեցող երկիր, որն ի վիճակի լինի ապահովել իր քաղաքացիների արժանապատիվ կյանքը: Պետք է հաղթահարենք արտագաղթը, աղքատությունն ու մեր քաղաքացիների համար նոր, աշխատատեղերի ստեղծենք, որպեսզի տնտեսության առողջացմամբ լուծենք նար մեր առաջնային խնդիրները»,- ասաց նա:
Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացին՝ ՀԱԿ խմբակցության պատգամավորը նկատեց, որ այս գործում իսկապես առաջընթաց է նկատվում:
«Պետք չէ թերագնահատել այն աշխատանքը, որն այսօր կատարվում է: Մենք պետք է ըստ արժանավույն գնահատենք այն բոլոր անհատներին և կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լայն թափ է ստացել»,-ասաց նա: