24/04/2015 19:37
Պուտինն ու Օլանդը Երևանում քննարկել են միջազգային հրատապ հարցեր
Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի հրատապ հարցեր, Ռուսաստանի և Եվրամիության փոխգործակցությունը, Ուկրաինայի հարցով մինսկյան պայմանավորվածությունների իրականացումը:
ՌԴ նախագահ Վ. Պուտինն իր խոսքում նշել է, որ ուրախ է սգո արարողությունների շրջանակում Օլանդի հետ հանդիպելու և խոսելու հնարավորություն ունի: «Ցավոք, մեր հարաբերությունները գտնվում են ոչ այնքան լավ վիճակում, առևտրաշրջանառությունը կրճատվում է, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ, ինչը միայն ցավ է առաջացնում: Իմ կարծիքով` մենք պետք է գտնենք մեր հարաբերությունների վերականգնման ուղիներ: Կարծում եմ՝ դրանում բոլորը շահագրգիռ են: Մինսկյան պայմանավորվածությունների ևս կանդրադառնանք, որոնք վերաբերում են Ուկրաինայի արևելքում առկա իրավիճակին: Գիտեմ, որ դուք շատ բան եք արել, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, և մշտապես դրան անձնական ուշադրություն եք ցուցաբերում»,- ասել է Վ. Պուտինը:
Ֆրանսուա Օլանդը նշել է, որ չնայած ողբերգական իրավիճակին՝ իրեն ևս հաճելի է հանդիպել ՌԴ նախագահին և քննարկել երկկողմ հարաբերությունները:
«Մենք կքննարկենք նաև ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունները, որոնք, Դուք լիովին ճիշտ եք, վերջին ժամանակներս շատ են վատացել: Դա տեղի է ունեցել ուկրաինական ճգնաժամի հետևանքով: Իմ կարծիքով՝ մենք ապացուցել ենք, որ չենք կարող հաշտվել ո՛չ ուկրաինական ճգնաժամի, և ո՛չ էլ ՌԴ-ի ու ԵՄ-ի, հատկապես՝ Ֆրանսիայի հարաբերությունների վատացման հետ: Իհարկե, որպեսզի լավագույնս դուրս գանք այս իրավիճակից, անհրաժեշտ է շարժվել մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով: Անհրաժեշտ է այս իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակները փնտրել: Մենք բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ, դրա համար էլ անհրաժեշտ էր հանդիպել այստեղ` Երևանում»,- ընդգծել է Օլանդը: