25/04/2015 11:14
ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությանը նվիրված քայլարշավին մասնակցել է շուրջ 130 000 հայ
Ապրիլ 24-ին Փոքրիկ Հայաստանը (ԱՄՆ Լոս Անջելես քաղաքը-aysor.am) սովորականից շատ հայաշատ ու մարդաշատ է եղել: Այստեղ էին հավաքվել ԱՄՆ-ի տարբեր նահանգներից հայեր: Լոս Անջելեսի ու մերձական քաղաքների հայկական կենտրոնների ու եկեղեցիների նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի հազարավոր հայեր հավաքվել էին, որպեսզի իրենց բողոքի ձայնը բարձրաձայնեն ու ԱՄՆ-ի իշխանություններից պահանջեն Հայոց ցեղասպանության ճանաչում:
Ինչպես Aysor.am-ի թղթակիցն է փոխանցում ԱՄՆ-ից՝ Արդարության քայլարշավ բողոքի երթի ընթացքում շուրջ 130 000 հայեր շարժվել է դեպի թուրքական Հյուպատոսություն: Բողոքի երթին մասնակցել են թե՛ երիտասարդներ, և թե՛ տարեցներ: Լոսանջելոսաբնակ հայությունն այս տարվա նման միասնական ու կազմայկերպված դեռ չի եղել:
Կալիֆորնիայի Հայության հիմնական բոլոր կառույցների միացյալ մարմնի կողմից հովանավորված ու կազմակերպված այս նախաձեռնությունից առաջ Միացյալ Հայ երիտասարդների պատասխանատուների ղեկավարությամբ տեղաբնակ հայերի կողմից ընդունվել է հայտարարություն, որին հաջորդել է միասնական աղոթքն ու քաղաքային ու նահանգային ղեկավարների ուղերձները, որով տեղական իշխանություններին նրանք հորդորել են ընդունել ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ելույթով հանդես է եկել Կալիֆորնիա նահանգի Ծերակույտի նախագահ Քեվին Տը Լիոն, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Միչ Մըքֆարլը, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Կարսեթին, ով ի դեպ՝ ամեն տարի մասնակցում է Հայոց ցեղասպանության միջոցառումներին: Խոսքով հանդես են եկել նաև Միացյալ Հայ երիտասարդների կազմակերպության ղեկավարները, ինչպես նար քայլարշավի կազմակերպիչ Կարո Ղազարյանը:
Երիտասարդները կոչերով, ցուցապաստառներով ու հայկական դրոշներով հեռավորություն կտրելով հասել են դեպի թուրքական Հյուպատոսարան, որտեղ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, և ընթերցել հայտարարությունը, որի տակ ստորագրել են հազարավոր հայեր:
Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը՝ երթին մասնակցել են հայտնի դեմքերից երգիչ Հարութ Փանբուկչյանը, ելույթով հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, ՀՅԴ կարկառուն անդամներ, այդ թվում և Վիգեն Հովսեփյանը:
Ելույթ ունեցողները բոլորն էլ ընդգծել են, որ Հայոց ցեղասպանությունն անժխտելի փաստ է, և հայ ժողվորդին են փոխանցել իրենց զորակցությունն ու աջակցությունը՝ հանուն արդարության ու Հայոց ցեղասպանության ճանաչման: Նրանք նաև դատապարտել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու նրա վարչակազմին՝ թուրքական իշխանություններին սատարելու համար: