25/04/2015 14:57
Էրթեմ. Թուրքիան գիտակցում է, որ, ընդունելով Ցեղասպանությունն, ամբողջ պետությունը կփլուզվի
«Միություն ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպությունը ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիայից ճանաչում և փոխհատուցում է պահանջում»,- այսպես այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան ժամանած «Միություն ընդդեմ Ցեղասպանության» ազգությամբ թուրք և քուրդ անդամներին ներկայացրեց Սարգիս Հացպանյանը:
Ալի Էրթեմը, որ արդեն երկրորդ անգամ է Հայաստանում, նշեց, որ տարիներ առաջ, երբ կազմակերպությունը նոր էր հիմնադրվել, ոչ ոք չէր հավատում, որ կազմակերպության թուրք անդամները կարող են դատապարտել իրենց նախնիների կատարածը:
Էրթեմի կարծքով՝ Թուրքիան իր պաշտոնական դիրքորոշումը չի փոխի, կշարունակի ուրացման, կեղծիքի քաղաքականությունը, և ցեղասպանության փատսը կընդունի միայն այն ժամանակ երբ նվազագույն կորուստներ տա այդ ամենից: Խոսելով Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը ապրիլի 24-ին նշելու մասին՝ Էրթեմը խայտառակություն որակեց այն:
Հանդիպմանը մյուս բանախոս, կազմակերպության անդամներից Ռեջեփ Մարաշլն էլ խոսեց Գալիպոլիի ճակատամարտի տարելիցի մասին՝ նշելով, որ դա անհեթեթություն էր, քանի որ, այն միշտ նշվել էր մարտին, իսկ այս տարի նշվեց Հայոց ցեղասպանության օրը:
Մարաշլի կարծիքով՝ Թուրքիան գիտակցում է, որ, ընդունելով Ցեղասպանությունն, ամբողջ պետությունը կփլուզվի: