25/04/2015 13:19
Ապրիլի 25-ով կարելի է նոր էջ բացել հայ-թուրքական հարաբերություններում, ոչ թե դրոշ այրել
Շատ կուզեի, որ Հայաստանում լինեին նաև Թուրքիայի ղեկավարները և այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում այս մասին ասաց թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Հրանտ Դինքի ընկեր Ուֆուկ Ուրասը:
Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով ՝ նա իր մտահոգությունները հայտնեց, երեկ Ջահերով երթի ժամանակ հայ երիտասարդների քայլից, երբ նրանք այրեցինք Թուրքիայի դրոշը: Իր խոսքում նա ընդգծեց, որ 2015 թվականի ապրիլի 25-ով պետք է հայ-թուրքական հարաբերություններում պատմության մի նոր էջ բացել, իսկ դրոշի այելն ըստ նրա՝ սխալ քայլ է:
«Ճիշտ ճանապարհը բանակցություններն են, պետք է նստել ու քննարկել: Ամեն դեպքում ճիշտ կլինի, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի: Այսօր ապրիլի 25 է, որով կարելի է մի նոր էջ բացել, ոչ թե դրոշներ այրել: Պետք է ընդհանուր հայրենիք ստեղծենք հայ-թուրքական հարաբերությունները հարթելու համար, որպեսզի օսմանյան հայերի թոռները վերադառնան իրենց հայրենիք»,- ասաց նա:
Թուրք քաղաքական գործիչը հայտարարեց նաև, որ Թուրքիան չի կարող Ղարաբաղյան խնդրի կողմ հանդիսանալ: Ըստ նրա՝ դա խանգարում է բոլորին: «Հույս ունեմ, որ հայ-թուրքական հարաբերությունների վրա դրական անդրադարձ կունենան նաև Պուտին-Էրդողան հարաբերությունները»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին, ապա նրա խոսքով՝ ապրիլի 24-ին այդ միջոցառումները անցկացնելը շատ սխալ է:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կայացած «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում, Ուֆուկ Ուրասը հանդես էր եկել նույնաբովանդակ հայտարարությամբ, և հաշտեցման կոչեր էր հնչեցրել:
«Մեր պատմության, 1915-ի հետ առերեսման խնդիրը միաժամանակ ընդհանուր հայրենիքի, մեր ապագան կառուցելու խնդիր է: Առանց անցյալի հետ առերեսվելու՝ հնարավոր չէ կառուցել ապագան: Այսօրը վերահսկող անցյալը՝ կվերահսկի ապագան վերահսկող անցյալը։ Թուրքիայի կառավարության կողմից անցյալ տարի արտահայտված ցավակցությունը և այս տարվա հայտարարությունը առնվազն առաջին քայլերն էին»,- հավելեց նա։