25/04/2015 15:43
Էկումենիկ արարողություն՝ Վիեննայում
Ապրիլի 24-ին ժամը 17:00-ին Վիեննայի Ս. Ստեփանոսի Մայր Տաճարում տեղի ունեցավ էկումենիկ արարողություն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:
Արարողությանը մասնակցում էին Ավստրիայում քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ, Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդի անդամներ, Ավստրիայի պետական մարմինների ներկայացուցիչներ, Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և բազմահազար հավատացյալներ:
Արարողությունը նախաձեռնել էին Վիեննայի Արքեպս. Կարդինալ Քրիստոֆ Շյոնբորնը և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տիրան Վրդ. Պետրոսյանը:
Իր քարոզի ընթացքում Կարդինալ Շյոնբորնը անդրադարձավ, որ պատմության մեջ քրիստոնյաների մեծագույն հալածանքները տեղի ունեցան հենց 1915 թվականին և դրան հաջորդող տարիներին, երբ ցեղասպանության զոհ դարձան 1,5 միլիոն հայեր, ինչպես նաև հարյուր հազարավոր հույներ, ասորիներ և այլ քրիստոնյաներ: «Միայն պատմության անկեղծ գնահատմամբ կարելի է հասնել հաշտեցման ու ներման և երաշխավորել, որպեսզի ապագայում երբեք չկրկնվեն այնպիսի ոճրագործություններ, ինչպիսին է հայոց ցեղասպանությունը: Մի վախեցեք ճշմարտությունից, - ներկաներին ուղղված իր պատգամում նշեց Կարդինալը: Ոչ թե ճշմարտությունը, այլ ճշմարտությունն ուրանալը կամ դրանից խուսափելը կարող է հանգեցնել նոր կոնֆլիկտների»:
Արարողությանը հավատացյալներին ներկայացվեց նաև Ֆրանց Վերֆելի խաչը, որը Երուսաղեմի հայոց Պատրիարք Եղիշե Արք. Դուրյանի նվերն էր ավստրիացի գրողին: «Երբ 1930-ականների վերջերին սկսվեց երկրորդ ցեղասպանությունը, հրեական արմատներով ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելն իր կնոջ հետ Ֆրանսիայի և Իսպանիայի վրայով փախչում է ԱՄՆ՝ իր հետ վերցնելով նաև հայոց պատրիարքի նվիրած խաչը: Վերֆելի մահվանից հետո Ալմա Մահլեր-Վերֆելը խաչն ի պահ է տալիս Էրիկ Ռիթենաուերին և խնդրում վերջինիս կենդանի պահել խաչի պատմությունը: Տարիներ առաջ արդեն ծերունի Ռիթենաուերը խաչը հանձնում է ինձ՝ խնդրելով երբեք չմոռանալ Հայոց Ցեղասպանությունը»: «Թող տերունյան այս սուրբ նշանը դարմանի հայ ժողովրդի վերքը», - իր քարոզում նշեց Կարդինալ Շյոնբորնը:
Արարողությունից հետո Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տիրան Վրդ. Պետրոսյանը հայ ժողովրդի անունից իր շնորհակալություններն ու երախտագիտությունը հայտնեց Կարդինալ Շյոնբորնին՝ Ավստրիայի Պառլամենտի կողմից օրեր առաջ ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի և հայ ժողովրդի արդար իրավունքը պաշտպանելու համար:
Արարողության ավարտից հետո արքեպիսկոպոսական պալատում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: