25/04/2015 13:48
Ազիզ Թամոյան. Ո՞ւր է այդ ամբողջ աշխարհը, երբ հիմա էլ սպանում են ժողովուրդներին
1915 թ. մեկուկես միլիոն հայերի հետ միասին կոտորեցին նաև մոտ 500 հազար եզդիների և սա մեր բոլորի ցավն է: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:
«Ինձ համար շատ զարմանալի է՝ ինչպես է Թուրքիան մինչև այսօր կարողանում առաջ տանել իր ժխտողական քաղաքականությունը, ի՞նչ են ասում նրանք աշխարհին, ու՞ր են միլինոավոր հայերը, ու՞ր են նրանց բնակավայրերը, ու՞ր են նրանց մշակութային կոթողները: Մենք պահանջում ենք և պարտադրում՝ այս ողբերգությունը պետք է ճանաչի ոչ թե 26 երկիր, այլ ամբողջ աշխարհը»,-ասաց նա:
Ա. Թամոյանը անդրադարձավ նաև այսօր էլ տեղի ունեցող Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանությանը:
«Ոչնչացվում է աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը և էլի եմ ուզում հարցնել, ու՞ր են այդ բոլոր գերտերությունները, որտե՞ղ է ՄԱԿ-ը: Ամեն կոնֆերանսի ժամանակ նրանք խոսում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության մասին: Ո՞ւր է այդ ամբողջ աշխարհը, երբ հիմա էլ սպանում են ժողովուրդներին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հայերն ամեն կերպ փորձում են լինել եղբայրական եզդի ժողովրդի կողքին, բայց, ցավոք, Հայաստանը ևս չունի այն ուժը, որը կստիպի դադարեցնել այդ ոճրագործությունը: