25/04/2015 13:00
Իտալական թերթերը լայնորեն անդրադարձել են Իտալիայի Հայ Առաքելական Եկեղեցու էկումենիկ արարողությանը
Իտալական թերթերը այսօրվա իրենց հրապարակումներում լայնորեն անդրադարձել են Իտալիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նախաձեռնությամբ կազմակերպված էկումենիկ արարողությանը տեղի ունեցած ապրիլ 24-ին Միլանի Դուոմոյում: Այս մասին հայտնում են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի լրատվական ծառայությունից:
Արարողությանը ներկա էր և նախագահում էր Եվրոպայի ամենամեծ կաթոլիկ թեմի՝ Լոմբարդիայի արքեպիսկոպոս, Կարդինալ Անջելո Սկոլան: Իտալիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատասխանատու՝ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի հրավերով արարողությանը մասնակցում էին նաև Հյուսիսային Իտալիայի կաթոլիկ թեմերի թեմակալ առաջնորդներ, Լոմբարդիայի արքեպիսկոպոսարանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Իտալիայում և Միլանում գործող ավելի քան 10 քույր եկեղեցիների թեմակալներ, պատասխանատուներ և ներկայացուցիչներ, քաղաքային, մարզային և նահանգային իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Իտալիայում հավատարմագրված 10-ից ավել երկրների գլխավոր հյուպատոսներ և դեսպաններ, ինչպես նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը: